Հոգեբան Ջեյմի Քեննոնը Psychology Today-ին տված հարցազրույցում բացատրել է, թե ինչպես կարելի է ժամանակին ճանաչել մանիպուլյացիաները և ինչ անել նման շփումներում հոգեբանական տրավմայից խուսափելու համար:
Հոգեբանը նշում է, որ մանիպուլյացիան սովորաբար սկսվում է անձնական սահմանների աննշան և նուրբ խախտումներով, ուստի այդ տեխնիկան արագ ճանաչելու կարողությունը դրանցից պաշտպանվելու առաջին քայլն է: «Որպեսզի հնարավորինս պաշտպանվեք , կարևոր է, որ կարողանաք բացահայտել մանիպուլյատորների և նարցիսների ամենատարածված մարտավարությունը»,- բացատրել է Քենոնը և թվարկել ամենահայտնիներից չորսը:
Առաջին մարտավարությունը մտերիմ մարդկանց շրջապատում վստահության չարաշահումն է։ Մանիպուլյատորները վստահություն են ձևավորում, սովորում են մարդու թույլ կողմերն և անհանգստությունները, այնուհետև օգտագործում են ստացված տեղեկությունն իրենց նպատակներին հասնելու համար: «Այս տեսակի մանիպուլյացիաները դանդաղ են զարգանում, և հաճախ ինտիմ հարաբերություններ են սկսում, որպեսզի հետո կարողանան քայլեր ձեռնարկել»,- զգուշացրել է հոգեբանը:
Մեկ այլ հանրաճանաչ մարտավարություն է մեղքի մանիպուլյացիան: Ըստ Քենոնի՝ մանիպուլյատորները հազվադեպ են պատասխանատվություն կրում իրենց արարքների համար և փոխարենը փորձում են ստիպել դիմացինին իրեն մեղավոր զգալ: «Նրանց ոսկե կանոնն է՝ եթե դու ինձ չտաս այն, ինչ ուզում եմ, ես իրավունք ունեմ քեզ հետ վարվել այնպես, ինչպես ուզում եմ»,- բացատրել է հոգեբանը։
Նման մանիպուլյացիան հաճախ նկատվում է այն հարաբերություններում, որտեղ, ըստ փորձագետի, զոհին ստիպում են դառնալ այն ամեն վատ բանի պատճառը, որ տեղի է ունենում զույգի միջև։ «Եթե զոհը ինչ-որ կերպ պատասխանատվություն է կրում, հորինված կամ իրական պատճառով, մանիպուլյատորն իրեն թույլ է տալիս գործադրել իշխանություն և վերահսկել զոհին»,- բացատրել է հոգեբանը մանիպուլյացիայի մեխանիզմը:
Քենոնը նաև նշել է, որ մանիպուլյատորներն արհամարհում են անձնական սահմանները և ամբողջ ուժով ձգտում են իշխանություն ձեռք բերել և վերահսկել իրավիճակը։ «Այդ նպատակով նրանք մարզվում են՝ խախտելով այլոց սահմանները՝ սովորաբար սկսելով փոքր խախտումներից, իսկ հետո ներխուժելով ավելի, քանի որ ավելի փորձառու են դառնում»,- ասել է մասնագետը և նշել, որ դա տուժողի համար դանդաղ և գրեթե աննկատ գործընթաց է։
Մեկ այլ հանրաճանաչ մարտավարություն կոչվում է «գազլայթինգ»՝ հոգեբանական բռնության մի ձև, որի ժամանակ զոհին ստիպում են կասկածել տեղի ունեցողի իրականությանը: «գազլայթինգի կարևոր նշանն այն է, որ զոհերը սկսում են համապատասխանեցնել աշխարհի իրենց ընկալումը հանցագործի աշխարհի ընկալմանը, որպեսզի խուսափեն կոնֆլիկտներից կամ հարաբերությունների խզումից»,- եզրափակել է հոգեբանը:
Նրանց, ովքեր կյանքում հանդիպել են մանիպուլյատորի, հոգեբանը խորհուրդ է տալիս ուշադիր հետևել նրա վարքագծին և ժամանակին ճանաչել տագնապալի ազդանշանները, որպեսզի մանիպուլյացիան հոգեբանական տրավմա չառաջացնի։