Ինչպե՞ս է մայրերի դեպրեսիան ազդում երեխաների հոգեվիճակի վրա
Advertisement 1000 x 90

Ինչպե՞ս է մայրերի դեպրեսիան ազդում երեխաների հոգեվիճակի վրա

Այն երեխաները, որոնց մայրերը դեպրեսիա են ունեցել մինչեւ հղիությունը եւ ծննդաբերությունից մի քանի ամիս հետո, ավելի շատ են ենթակա այն վտանգին, որ պատանի հասակում կարող են ունենալ հուզական, սոցիալայան եւ ակադեմիական խնդիրներ, պարզել են Կալիֆոռնիայի համալսարանի գիտնական-հոգեբանները։

Հետազոտության արդյունքները հրապարակվել են Journal of Affective Disorders ամսագրում։

Վերջերս հրապարակված յոթնամյա հետազոտությունը, որտեղ ուսումնասիրվել է մայրերի եւ նրանց երեխաների վիճակը սաղմնավորման պահից մինչեւ այն պահը, երբ երեխաներն արդեն հինգ տարեկանի են հասել, առաջինն է, որում ցույց է տրվել, թե ինչպես կարող են մայրերի դեպրեսիայի մակարդակի փոփոխությունները ժամանակի ընթացքում ազդել մանուկ հասակում երեխաների վարքի եւ հուզական բարեկեցության վրա։

«Հետազոտության արդյունքները վկայում են, որ մոր մոտ դեպրեսիայի ախտանշանների խորացումը սաղմնավորման պահից մինչեւ հետծննդաբերական շրջանը նպաստում է երեխաների մոտ ուշադրության եւ վերահսկողական վարքի վատացմանը, ինչը կարող է բարձրացնել ամբողջ կյանքի ընթացքում խնդիրների առաջացման հավանականությանը։ Բայց ծնողները պետք է իմանան, որ դրա դեմ կարելի է պայքարել մանուկ հասակում միջամտության օգնությամբ»,- նշել է հետազոտության հեղինակ, Կալիֆոռնիայի համալսարանի հոգեբանության ասպիրանտ Գաբրիել Ռինեն։

Երկու մասից բաղկացած հետազոտության համար գիտնականները սկզբում ուսումնասիրել են 362 կանանց տվյալները։

Փոքր երեխա ունեցող կանանց հետեւել են հղիության շրջանում եւ չորս անգամ հարցում անցկացրել դեպրեսիայի ախտանշանների մասին՝ փորձելով պարզել, թե ինչպես են այդ ախտանշանները փոխվել ժամանակի ընթացքում։

Կանանց մոտ 75 տոկոսը տեղեկացրել է դեպրեսիայի թույլ ախտանշանների մասին, որոնք չեն փոխվել հետազոտության ընթացքում, այն դեպքում, երբ 12 տոկոսի մոտ թույլ ախտանշանները զգալիորեն ուժեղացել են, իսկ 7 տոկոսի մոտ ախտանշանները մնացել են բարձր։

Այն մայրերի երեխաները, որոնց  դեպրեսիան խորացել է սաղմնավորման պահից մինչեւ հետծննդաբերական շրջանը, զգալիորեն ավելի վատ են հաղթահարել համակարգչային առաջադրանքը, քան այն մայրերի երեխաները, որոնց մոտ դեպրեսիայի ախտանշանները կայուն թույլ են եղել։

«Այս հետազոտությունը ենթադրում է, որ աճող դեպրեսիան  կարող է բացասաբար ազդել երեխաների վրա»,- ասել է հետազոտության ավագ հեղինակ, Կալիֆոռնիայի համալսարանի հոգեբանության եւ հոգեբուժության վաստակավոր պրոֆեսոր Քրիստին Դանքել Շեթերը։

Ընդ որում՝ ըստ նրա, այն երեխաները, որոնց մայրերը մշտապես տեղեկացրել են դեպրեսիայի թույլ նշանների մասին, ռիսկի խմբում չեն գտնվում։

news.am