Ամերիկացի մաշկաբաններ Պապրի Սարկարը և Սյու Ուին նշել են մարմնի վրա պզուկների առաջացման հիմնական պատճառները։ Մասնագետների հետ հարցազրույցները հրապարակել է Bustle-ը։
Սարկարն ասել է, որ մարմնի և դեմքի պզուկները առաջանում են հորմոնալ խափանման պատճառով։ «Սեռահասունացման, հղիության կամ դաշտանային ցիկլի ընթացքում որոշ հորմոններ բարձրանում են, և ճարպագեղձերն ավելի ակտիվ են դառնում», – մանրամասնել է նա՝ հավելելով, որ պզուկներն առավել հաճախ առաջանում են կրծքավանդակի, մեջքի, հետույքի և ուսերի վրա:
Բացի այդ, բժիշկն ասել է, որ խցանված ծակոտիները հաճախ ազդում են ցանի առաջացման վրա։ «Դրանք կարող են խցանվել առանց շերտազատման կամ կոմեդոգեն արտադրանքների պատճառով, ինչպիսիք են լոսյոնները, շամպունները կամ յուղի վրա հիմնված օծանելիքները», – բացատրել է փորձագետը:
Սարկարի խոսքով՝ պզուկներ ունենալուն հակված մարդիկ պետք է խուսափեն կիպ հագուստից, ինչպես նաև սինթետիկ գործվածքներից պատրաստված արտադրանքներից։ «Սա հատկապես վերաբերում է շոգ եղանակին, քանի որ քրտինքով թրջված հագուստը հեշտությամբ բազմացնում է բակտերիաները, որոնք էլ բորբոքում են առաջացնում»,- պարզաբանել է մասնագետը։
Միաժամանակ Ուին ընթերցողների ուշադրությունը հրավիրել է մաշկային խնդիրներ հրահրող այլ գործոնների վրա։ Դրանցից նա առանձնացրել է սթրեսը, գենետիկան ու սխալ սննդակարգը։ Մասնավորապես, բժիշկը խորհուրդ է տվել չօգտագործել բարձր գլիկեմիկ ինդեքսով մթերքներ՝ մակարոնեղեն, բրինձ, հաց, մրգեր և տարբեր քաղցրավենիք։
Եզրափակելով՝ հրապարակման զրուցակիցները մի քանի խորհուրդ են տվել՝ պզուկներից ազատվելու համար։ Առաջին հերթին անհրաժեշտ է թաց հագուստը փոխարինել չոր ու մաքուր հագուստով, մաշկին քսել թթուներ պարունակող միջոցներ, իսկ մարմինը մաքրել հակաբակտերիալ օճառով։ «Մի մոռացեք ժամանակին փոխել սավանը», – հավելել են բժիշկները: