Կարծրատիպերը, որոնք առաջին հերթին շահույթ հետապնդող երևույթ են, ստեղծում են կեղծ չափանիշներ և մեդիայի ազդեցիկության պատճառով ստիպում են միլիոնավոր մարդկանց հավատալ դրանց: Կարծրատիպերը, ուստի, դրդում են սպառողականության. հասարակությանը հաճոյանալու համար պետք է փոխել սեփական արտաքինը՝ ծախսելով մեծ գումարներ: Այդ չափանիշներից մեկը վերաբերում է քթին, մասնավորապես, հայկական քթին: Հայկական այցեքարտը չի համապատասխանում համաշխարհային չափանիշներին: Օր օրի ավելանում են կանայք և աղջիկներ, որոնք դիմում են պլաստիկ վիրահատությանը՝ գեղեցկության «կեղծ» չափանիշներին համապատասխանելու համար:
Սակայն մեր կողքին ապրում են կանայք, որոնք չեն վիրահատել և չեն էլ պատրաստվում վիրահատել իրենց հայկական քիթը, ինքնավստահ են և այն համարում են իրենց անհատականության խորհրդանիշը:
Ներկայացնում ենք 4 կանանց, որոնք չեն վիրահատել իրենց հայկական քիթը և իրենց պատմությամբ կիսվել են 168.am-ի հետ զրույցում:
Հասմիկ Հարությունյան
Քիթս…
«Ժառանգել եմ ցեղասպանությունից փրկված մշեցի Մաֆիա տատիցս…»:
Կարծրատիպեր, իհարկե, կան
«Երբևէ ցանկություն չեմ ունեցել վիրահատելու այն, նույնիսկ, երբ վոկալի դասախոսները հորդորում էին անպայման վիրահատել, պատճառաբանելով, իբր բեմական չէ:
Կարծրատիպեր, իհարկե կան: Գործատուներն արտաքին տեսքն ավելի են կարևորում, քան գիտելիքն ու պրոֆեսիոնալիզմը»:
Քիթը՝ հայկականության խորհրդանիշ
«Հայկականությունն ինձ համար էության հարց է: Եթե դեմքի արտահայտությունը ներդաշնակ է մարդու ներքինին: Իմ կարծիքով, բնությունից, ժառանգական, գենետիկ ճանապարհով հայկականության դրսևորման ամեն ինչը բախտավորություն է»:
Խորհուրդ կանանց, որոնք ինքնավստահության պակաս ունեն իրենց քթի պատճառով
«Խորհուրդ չունեմ: Պետք է ինքնավստահ լինեն, իրենց տեղը գտնեն կյանքում, սիրեն մեր լեզուն և հայրենիքը, գնան իրենց երազանքի և մնայուն արժեքների հետևից:
Արեգա Պեպանյան
Քիթս…
«Յուրահատուկ է ու բնութագրում է բնավորությունս… Քիթս իմ խարիզման է ու, որքան էլ անհամեստ հնչի, ինձ հմայք է հաղորդում, որը ես օգտագործում եմ ոչ միայն առօրյա կյանքում, այլ նաև բեմում:
Կաշկանդվածություն՝ կարծրատիպերի պատճառով
«Ինձ շատ էին ճնշում այն ժամանակ, երբ ինքս էի խոստովանում, որ քիթս տգեղ է… Բայց երբ սկսեցի ինքս ինձ հավանել ու սիրել այսպես, մարդկանց կարծիքները ևս փոխվեցին։ Հիմա միայն կոմպլիմենտներ եմ ստանում ու շատ առաջարկներ՝ հիմնականում գովազդում նկարահանվելու։ Վերջին գովազդը եղել է հայկական գորգերի գովազդ:
Ես սիրում եմ ինձ այսպիսին` բնական ու յուրահատուկ արտաքինով»:
Խորհուրդ կանանց, որոնք ինքնավստահության պակաս ունեն իրենց քթի պատճառով
«Մենք սիրուն ենք, ինչպիսին էլ որ լինենք. գեր, թե նիհար, բարձրահասակ, թե ցածրահասակ, հարթ մաշկով, թե ոչ հարթ…
Մենք գեղեցիկ ենք… Գեղեցկության ստանդարտները մենք ենք սահմանում։
Յուրաքանչյուրս յուրահատուկ ենք մեր արտաքինով: Ոչ միայն կանանց, նաև տղամարդկանց է վերաբերում ասածս:
Եթե սիրեք և ընդունեք Ձեզ այնպիսին, ինչպիսին կաք, աշխարհը Ձեր շուրջը կպտտվի, մարդիկ կսկսեն Ձեզ վերաբերվել այնպես, ինչպես ինքներդ Ձեզ:
Եղեք ազատ ու անկաշկանդ:
Եղեք այնպիսին, ինչպիսին Դուք եք ցանկանում, ոչ թե հասարակությունը, որը միշտ առիթ է գտնելու խոսելու և ամեն բան գլխիվայր շրջելու համար։
Սիրեք Ձեզ շա՜տ»:
Վիկտորիա Ծատուրյան
Քիթը՝ հայկականության խորհրդանիշ
«Առհասարակ քթի նկատմամբ հատուկ վերաբերմունք չունեմ. հիմնական ֆունկցիան շնչելն է, իր ֆունկցիան կատարում է, ուրեմն լավ է:
Հաճախ ասում եմ, որ քթիցս ակնհայտ երևում է, որ ես հայ եմ: Առաջին միտքը՝ տիպիկ հայկական քիթ, ինչն ինձ համար դրական կոնտեքստում է, մյուս միտքն էլ, որ հայրիկիս քթին է նման»:
Վիրահատե՞լ, թե՞ ոչ
««Գեղեցկացնող» պլաստիկ վիրահատությունների նկատմամբ բացասական վերաբերմունք ունեմ: Երբեք չեմ մտածել վիրահատելու մասին, բայց դեռահասության տարիքում մտածում էի, որ եթե քիթս ուղիղ լիներ, երևի ինձ ավելի սիրուն կհամարեին»:
Կոտրելով կարծրատիպերը
«Կաշկանդվածություն զգացել եմ, երբ օպտիկական ակնոցից անցել եմ լինզայի, ասել են՝ ակնոցով ավելի սիրուն ես. գորբը ծածկում է։ Կարծրատիպերը կարելի է կոտրել նորմալիզացնելով. պետք է տարբեր տեղերում շատ երևան տարբեր քիթ ունեցող մարդիկ՝ կին, տղամարդ։ Բազմազանություն է պետք»:
Խորհուրդ կանանց, որոնք ինքնավստահության պակաս ունեն իրենց քթի պատճառով
«Խորը շնչել, համոզվել, որ քիթը լավ է կատարում իր գործառույթը, և հիշել, որ Դուք Ձեր քիթը չեք, մի քիչ ավելին եք, քան միայն քիթը:
Երևի նաև լավ կլինի մի քիչ քննադատաբար մոտենալ տրված ստանդարտներին։ Հաճախ օգնում է վիճարկելը ու ինքդ քեզ հարցադրումներ անելը, օրինակ՝ ինչպե՞ս է առաջացել այդ անինքնավստահությունը, ուրիշնե՞րն են ներարկել իմ մեջ, ե՞րբ, ինչպե՞ս է իմ քիթն ազդում իմ կյանքի որակի վրա, եթե այլ քիթ ունենամ, ինչպիսի՞ն կլինեմ, այս քթով ինչի՞ չեմ կարող այդպիսին լինել…»:
Հասմիկ Մարտիրյան
Քիթս…
«Ես ունեմ ուղիղ քիթ, չունեմ միջնապատի որևէ ծռություն, բայց դեռահասության տարիքում մամաս, հարևանուհիներս ասում էին, որ երկար է ու արժի վիրահատել։ Ես էլ էի ունենում նման միտք, բայց ավելի մեծ տարիքում, երբ սկսեցի ընդունել անձս ու արտաքինս, հասկացա, որ որևէ բան փոխել չեմ ուզում։ Արտաքինիս հետ կապված ինքնաընդունումն ամենևին էլ չէր ենթադրում, որ ընդունում եմ իմ «երկար» ու «տգեղ» քիթն ու հաշտվում իմ «գեշ» լինելուս հետ, այլ բոլորովին հակառակը։ Ես ունեմ գեղեցիկ, ուղիղ, երկար ու վնասվածքներ չունեցող քիթ, որը լրացնում է իմ գեղեցիկ դեմքն ու յուրահատուկ դարձնում տեսքս:
Բակալավրի տարիներին իմ շատ մոտ երկու ընկերուհիները վիրահատեցին իրենց քիթը, իսկ ես ինձ գեղեցիկ չէի զգում։ Այդ պահին այնքան ինքնավստահ չէի, որքան հիմա ու կարճ ժամանակով նորից ունեցել եմ քիթս փոխելու ցանկություն։ Իսկ կարծատիպեր հնարավոր է կոտրել միայն սեփական անձի հետ հաշտ լինելու միջոցով. կամաց-կամաց հաշտվում եմ»:
Քիթը՝ հայկականության խորհրդանիշ
«Ես չեմ կարծում, թե հայերիս առանձնացնում է միայն մեծ քիթը։ Ինձ թվում է՝ մեծ հայկականություն կա մեր բազմաբովանդակ աչքերի՝ հայացքի մեջ։ Ու երբ նկատում ես քթի ու հայացքի այդ ներդաշնակ համադրությունը, հատկապես տղամարդկանց մոտ, դժվար է անտարբեր լինելը կամ շփոթելն այլ ազգերի հետ»:
Խորհուրդ կանանց, որոնք ինքնավստահության պակաս ունեն իրենց քթի պատճառով
«Մեր երկրում նկատում եմ կանանց, ովքեր ունեն շատ ծայրահեղ դիրքորոշումներ տեսքի հետ կապված. «Կա՛մ գեղեցիկ լինել ու հիմար, կա՛մ լինել խելացի ու ընդունել, որ տգեղ ես»։ Ենթադրում եմ, որ այս ծայրահեղության պատճառը գեղեցկության կեղծ ստանդարտներն են, որոնք այդքան ընդունելի են շատերի կողմից մեր երկրում, իսկ կանայք, ովքեր հրաժարվում են հետևել դրանց, տպավորություն է, որ իրենց համարում են տգեղ, բայց ոչ ստանդարտ, ու խելացի։ Իսկ ինչո՞ւ, եթե ընդամենը կարելի է ընդունել, որ գեղեցիկ հնարավոր է լինել ցանկացած քթով, քաշով, հասակով, ինչը նաև չի ենթադրում լինել հիմար։ Խորհուրդ կտայի ընդլայնել գեղեցկության մասին պատկերացնումներն ու երբեք անհարմար չզգալ ինքդ քեզ գեղեցիկ համարելուց, անգամ, եթե ինչ-որ չափանիշներ չես բավարարում»:
Անի Գաբուզյան