Ցրված սկլերոզը ամենալուրջ հիվանդություններից է եւ պատկանում է աուտոիմունային պաթոլոգիաների շարքին, վերաբերում է գլխուղեղին եւ ողնուղեղին։ Առաջինն ախտահարվում են նյարդային մանրաթելերի թաղանթները, որոնք միելին են պարունակում։ Այս հիվանդությունը ախտահարում է 10-40 տարեկան մարդկանց։
Կանանց պարագայում այն ախտորոշվում է մեկուկես-երկու անգամ ավելի հաճախ, քան տղամարդկանց։ Այն մասին, թե ինչպես պետք է տարբերել ցրված սկլերոզը, «Аргументы и факты»-ին պատմել է Ն.Ի. Պիրոգովի անվան մանկական կլինիկական թիվ 1 հիվանդանոցի նյարդաբան Էլվիրա Վոլկովան։
Մասնագետը նշել է, որ զրված սկլերոզն առաջանում է աստիճանաբար, վիզուալ առումով դրսեւորվում է միայն այն ժամանակ, երբ ախտահարվել է նյարդերի ավելի քան 50 տոկոսը։ Նա նշել է առաջին նշանները.
- տեսողության վատացում,
- ցավ աչքերում եւ երկակի տեսողություն,
- մատների ծակոցներ եւ թմրածություն,
- մաշկի զգայականության թուլություն,
- թուլություն մկաններում եւ կոորդինացիայի խնդիրներ։
Հիվանդության հիմնական պատճառը նյարդաբանը համարել է իմունային համակարգի դիսֆունկցիան։
Որոշ բարդություններ ծագում են երեխաների համար այս հիվանդության ախտորոշման դեպքում, նշել է մասնագետը։ Դա կապում են հիվանդության ցածր հաճախակիության եւ նշանների տարբերակվածության հետ։ Երեխաների մոտ ցրված սկլերոզի առկայության հիմնական նշաններից են.
- տեսողական նյարդի ախտահարումը մի կողմից, երբ առաջ է գալիս մասնակի կամ լիակատար կուրություն, բայց աչքի որեւէ տեսանելի ախտահարում չկա,
- որովայնի մակերեսային ռեֆլեքսների նվազում կամ անգամ անհետացում, հոգնածության խորացում եւ մկանների թուլություն,
- զգայականության խախտում, երբ թմրում են մարմնի որոշ մասերը, ընդ որում՝ որեւէ կլինիկական հիմնավորում նման ահազանգի համար չկա,
- գանգի նյարդերի ֆունկցիայի խախտում։
Նյարդաբանը նշել է, որ ցրված սկլերոզի ախտորոշման համար օգտագործում են ժամանակակից մեթոդներ, օրինակ.
- նեյրովիզուալ (մեթոդներ, որոնք թույլ են տալիս դիտել ուղեղի կառուցվածքը, ֆունկցիաները եւ կենսաքիմիական բնութագրիչները),
- իմունաբանական թեստեր՝ ողնուղեղային հեղուկի հետազոտություն, կոնտրաստով ՄՌՏ եւ այլն։
Վաղ ախտորոշումը նպաստում է ավելի արդյունավետ բուժմանը։
Ցրված սկլերոզի թերապիան ենթադրում է ախտանշանային բուժում, որն օգնում է նվազեցնել եւ թեթեւացնել պաթոլոգիայի դրսեւորումը՝ հակաօքսիդանտների, վիտամինների, նոոտրոպների, միոռելաքսանտների ընդունում։ Առաջարկվում է նաեւ այնպիսի դեղերի ընդունում, որոնք թույլ են տալիս երկարացնել ռեմիսիայի շրջանները եւ նվազեցնում են բարդությունների առաջացման վտանգը, նշել է բժիշկը։
news.am