Արագիլները կրկին աղտոտվում են ու սատկում. Փետուրներին տարբեր նյութեր են հայտնաբերվել՝ լվացող միջոցներից մինչև ձկան յուղեր, նավթամթերք
Advertisement 1000 x 90

Արագիլները կրկին աղտոտվում են ու սատկում. Փետուրներին տարբեր նյութեր են հայտնաբերվել՝ լվացող միջոցներից մինչև ձկան յուղեր, նավթամթերք

Բնապահպաններն ահազանգում են՝ արագիլները կրկին աղտոտվում են ու սատկում: Հերթական դեպքը գրանցվել է Արարատի մարզի Դաշտավան գյուղում: Հայտնում են, որ կան մահվան եզրին հասած բազմաթիվ աղտոտված արագիլներ։

Գերմանիայի բնության պահպանության միության հայաստանյան մասնաճյուղում խնդրի հետ կապված, մի քանի տարի է, ինչ ուսումնասիրություններ են կատարվում:

 Ծրագրերի ղեկավար Լիլիթ Աղաջանյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ 6 տարի է՝ խնդիրն առկա է, իսկ իրենք ուսումնասիրություն են կատարում վերջին 3 տարում:

«Աղտոտվածության ծավալը, տարածությունն ամբողջությամբ որոշված է, քիմիական անալիզներն արված են, բայց վերջնական պատասխան, որ աղտոտիչ նյութը կոնկրետ մի բանից է՝ դեռևս չկա, որովհետև ջրից, հողից, շրջակա միջավայրից վերցված նմուշների անալիզներ պետք է արվեն: Այս պահին նմուշառում ենք անում, որպեսզի համեմատական անցկացնենք: Արագիլների փետուրների վրա տարբեր նյութեր են հայտնաբերվել՝ լվացող միջոցներից մինչև ձկան յուղեր, նավթամթերք»,- նշեց Լիլիթ Աղաջանյանը:

Մեր հարցին՝ կարծիք կար, որ արագիլների աղտոտման պատճառը ձկան յուղն է, աղբավայրերը, այդպե՞ս է, Գերմանիայի բնության պահպանության միության հայաստանյան մասնաճյուղի ծրագրի ղեկավարը պատասխանեց.

«Սկզբից էլ այդ կարծիքը եղել է: Բայց ձկան յուղի հետ կապված մեր կազմակերպությունը 3 լաբորատորիա է ուղարկել, ոչ մի տեղ փետուրների վրա ձկան յուղ չենք հայտնաբերել: Սակայն 100 տոկոսով նաև դա չենք բացառում: Այս տարի այդ վարկածը ևս պետք է ստուգենք: Բայց այն, որ շրջակա միջավայրն աղտոտված է, ու դա արտահայտվում է արագիլների վրա՝ միանշանակ է: Կարծում ենք, որ առաջնահերթ ջրային համակարգի աղտոտվածության պատճառով է»:

Հավելենք, որ 2021թ. Շրջակա միջավայրի նախարարությունն անդրադառնալով ստեղծված խնդրին՝ գրել էր, որ հաշվի առնելով վերջին երկու տարվա ընթացքում սպիտակ արագիլների փետուրների անհայտ նյութով աղտոտման դեպքերն ու Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ուսումնասիրությունների և դիտարկումների արդյունքում հայտնաբերված աղտոտման հավանական աղբյուր հանդիսացող Մասիս քաղաքի աղբավայրում տեղադրված ձկնաբուծարանների թափոնների (ձկան փորոտիքը) վերաբերյալ փաստերը, շրջակա միջավայրի նախարարությունը գրությամբ դիմել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը՝ խնդրելով գերատեսչությանը հետևողական լինել Մասիսի քաղաքային աղբավայրերում թափոնների տեղադրման սանիտարահիգիենիկ վիճակի և մասնավոր ձկնաբուծարանների կողմից աղբի թափոնների նորմերի պահպանման, ինչպես նաև այդ տարածքներում դրենաժային համակարգերի մաքրման և դրանցում կուտակվող նյութի հեռացման աշխատանքների իրականացման նկատմամբ։

Անի Կարապետյան