ՀՀ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության մամուլի քարտուղար Նվարդ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում՝ արձագանքելով shamshyan.com-ի հրապարակմանը՝ գրում է. «Nutrilon ProNutra» մանկական կերն արտադրված է Լեհաստանում, պարզապես վրա ադրբեջաներեն մակնշում կա»:
«Հայտնաբերվել է մակնշման խախտում
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն ռադիո «Ավրորայի» ահազանգի հիման վրա դիտարկում է իրականացրել Երեւան քաղաքի երկու՝ «Ալֆա-Ֆարմ» եւ «Ռիթմ Ֆարմ» դեղատներում՝ պարզելու «Nutrilon ProNutra» մանկական կերի մակնշման պահանջների համապատասխանությունը սահմանված նորմերին:
Նշենք, որ սպառողին անհանգստացրել էին տուփի վրա առկա ադրբեջաներեն նշումները:
Ծառայությունը պարզել է, որ «Nutrilon ProNutra» մանկական կերն արտադրված է Լեհաստանում (տուփի վրա նշված են տեղեկություններ մի քանի լեզուներով, այդ թվում՝ ադրբեջաներեն), եւ այստեղ չկա որեւէ խախտում: Փոխարենը դիտարկման ընթացքում արձանագրվել է, որ դեղատներում վաճառվող «Nutrilon ProNutra» մանկական կերի հայերեն մակնշումը թերի է՝ բացակայում են ներմուծողի տվյալները:
ՍԱՊԾ տեսուչների կողմից տեղում կասեցվել է վերը նշված մանկական կերի վաճառքը: Ներմուծողին հանձնարարվել է վերացնել մակնշման բացթողումը»,- գրում է Նվարդ Առաքելյանը:
Նա նշել է, որ ամռանը եւս նմանատիպ դեպք է գրանցվել, կրկին հարեւանների լեզվով նշումներ կային այս ապրանքանիշի մանկական կերի տարաների վրա, սակայն ստուգումների արդյունքում պարզվել է, որ լեհական արտադրության է, բայց այն ժամանակ մակնշման խախտում կար, մասնավորապես` ներմուծողի անունը նշված չէր. հիմա կարծես շտկել են: