Գիտական ​​համայնքում սկանդալ է ծագել Ալցհեյմերի հիվանդության առանցքային հետազոտության շուրջ
Advertisement 1000 x 90

Գիտական ​​համայնքում սկանդալ է ծագել Ալցհեյմերի հիվանդության առանցքային հետազոտության շուրջ

Հայտարարություններն այն մասին, որ 2006 թվականին իրականացված Ալցհեյմերի հիվանդության հիմնական հետազոտության մի մասը կարող էր կեղծված լինել, ցնցել են գիտական ​​հանրությունը՝ կասկածի տակ դնելով հետազոտության ազդեցիկ արդյունքների հավաստիությունը:

Science ամսագիրը հայտնել է, որ ապացույց է գտել, որ 16 տարի առաջ Nature ամսագրում հրապարակված հետազոտության մեջ ներկայացված պատկերները կարող են կեղծված լինել:

Այդ բացահայտումները կասկածներ են առաջացրել նյարդաբան եի Մինեսոտայի համալսարանի ասիստենտ պրոֆեսոր Սիլվեն Լեսնեի եւ նրա հետազոտության նկատմամբ, որը հետաքրքրություն էր առաջացրել սպիտակուցների որոշակի խմբի նկատմամբ՝ որպես Ալցհեյմերի հիվանդության բուժման խոստումնալից թիրախ:

Science-ը հայտնել է, որ Լեսնեի ավելի քան 20 «կասկածելի» աշխատանք է գտել եւ նրա հետազոտության ընթացքում ավելի քան 70 հնարավոր պատկերի խարդախության դեպքեր է բացահայտել։ Անցյալ տարի իրազեկողներից մեկը՝ Վանդերբիլտի համալսարանի նյարդաբան, դոկտոր Մեթյու Շրագը, մտահոգություն էր հայտնել մի քանի աշխատանքներում պատկերների հնարավոր մանիպուլյացիայի կապակցությամբ: Տասնամյակներ շարունակ առաջատար տեսությունն այն է, որ ամիլոիդ բետա սպիտակուցը գլխուղեղում կպչուն թիթեղներ է ձեւավորում, որոնք Ալցհեյմերի հիվանդության առաջնային պատճառն են: 2006 թվականին Nature ամսագրում հրապարակված ուսումնասիրությունը սպիտակուցի ենթատեսակ է հայտնաբերել՝ Aβ*56 կամ «ամիլոիդ բետա աստղ 56»-ը՝ որպես առնետների հիշողության կորստի պատճառ:

Այն ժամանակ այդ հոդվածը մեծ հնչեղություն էր առաջացրել: Սակայն Science ամսագիրը հայտարարել է, որ ապացույցներ է գտել առ այն, որ պատկերները հոդվածում եւ Լեսնեի՝ Aβ*56-ի այլ ուսումնասիրություններում, կեղծվել են՝ Ալցհեյմերի հիվանդության մեջ սպիտակուցի դերն ուռճացնելու համար: Այլ հետազոտողներ մտավախություն են հայտնել, որ Լեսնեի արդյունքները չեն կարող կրկնվել, ինչը գիտական ​​գործընթացի առանցքային մասն է որոշակի հետեւությունների հաստատման համար: Առողջապահության ազգային ինստիտուտի միջոցով ավելի քան 1 միլիարդ դոլար պետական ​​ֆինանսավորում է ուղղվել ամիլոիդների հետ կապված Ալցհեյմերի հետազոտության համար: Թեեւ հետաքննությունը ենթադրում է, որ Aβ*56 հետազոտությունները պետք է բաց լինեն հետագա մանրակրկիտ ուսումնասիրության համար, փորձագետները կարծում են, որ ամբողջ տեսությունը չպետք է վարկաբեկվի: