Բրիտանացի գիտնականները բեկում են կատարել մանկական առեղծվածային հեպատիտի ծագման ուսումնասիրության մեջ, գրում է Medical Xpress-ը։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն անցյալ տարվա հոկտեմբերից հայտնել է հիվանդության առնվազն 1010 հավանական դեպքի մասին , այդ թվում՝ 46 փոխպատվաստում պահանջող դեպք եւ 22 մահ։
Նախորդ տեսությունները ենթադրում էին, որ այս դեպքերի հետեւում կանգնած է սովորական ադենովիրուսային վարակների աճը:
Սակայն Շոտլանդիայում եւ Լոնդոնում անկախ անցկացված երկու նոր ուսումնասիրություններում գիտնականները պարզել են, որ մեկ այլ վիրուս՝ AAV2 (ադենո ասոցացված վիրուս 2), որն առկա է բոլոր հետազոտված հիվանդների 96 տոկոսի մոտ, կարեւոր դեր է խաղացել:
Երկու խմբերն էլ եզրակացրել են, որ համակցված վարակը, կամ AAV2-ը եւ ադենովիրուսը, կամ երբեմն հերպեսի վիրուսը՝ HHV6, լավագույնս բացատրում են լյարդի ծանր հիվանդությունը:
Դեռ պարզ չէ, թե ինչու են հեպատիտի դեպքերն աճել վերջին ժամանակներում, բայց երկու խմբերն էլ ընդգծել են այն հնարավորությունը, որ փակ տարածքները կարող են նպաստել դրան։