Մշակույթի նախկին նախարար, Հանրային ռադիոյի նախկին տնօրեն Արմեն Ամիրյանն այսօր՝ հուլիսի 29-ին, հանրությանը ներկայացրեց իր նոր գիրքը՝ «Նոյե»-ն։ Գրքում զետեղված իրադարձությունները տեղի են ունենում Առաջին համաշխարհայինից մինչեւ մեր օրեր։ Այն կինոպատմության ոճով է շարադրված, իսկ էջերի արանքում կգտնեք նաեւ ֆոտոպատմություն, որի հեղինակը Վիգեն Մնոյանն է, գլխավոր հերոսների դերերում՝ Ավետ Բարսեղյանն ու Սեդա Աղբալյանը։ Գրքի խմբագիրը Կարինե Գեւորգյանն է, սրբագրիչը՝ Գոհար Գեւորգյանը, ձեւավորումը կատարել է Արամ Ուռուտյանը։
Լրագրողների հետ զրույցում Արմեն Ամիրյանը նշեց, որ գրքի հիմքում իր պապից լսած պատմությունն է:
«Սկզբում գիրքը կոչվում էր «Էլիզաբեթ»՝ մեկ այլ հերոսի անունով, բայց ժամանակի ընթացքում Նոյեն եկավ առաջին պլան եւ ստեղծագործությունը անվանեցինք նրա անունով։ Սա Առաջին համաշխարհային պատերազմից մինչեւ մեր օրերի պատմությունն է, Հայոց ցեղասպանության մասին է․ շատ հիշողություններ կան այստեղ։ Պատմությունը թուրքական «Գորշ գայլեր» ռասիստական կազմակերպության գործունեության մասին է, որը մինչ օրս գործում է, եւ հենց դա է, կարծում եմ, պատճառը, որ Թուրքիան գործած ցեղասպանության համար ներողություն խնդրելու պատրաստ չէ։ Այն երիտասարդ ցեղասպանագետի մասին է, որը Մյունխենում ցեղասպանագիտության գիտաժողովին պետք է ներկայացնի իր զեկույցը, այնուհետեւ հիշողություններով տեղափոխվում ենք Արեւմտյան Հայաստան»,-ասաց Ամիրյանը՝ հավելելով, որ նպատակ են ունեցել ոչ թե, պարզապես, գիրք ստեղծել, այլ մի կինոպատմություն, որպեսզի յուրաքանչյուր ընթերցող իր երեւակայությամբ տեսնի այն ֆիլմը, որը ցանկանում են ապագայում նկարահանել։
«Կինոն իմ առաջին մասնագիտությունն է, եւ եթե ընթերցողը հաստատի, որ, իսկապես, այս ստեղծագործությունը շարժում է իր երեւակայությունը, ես, պարզապես, ուրախ կլինեմ։ Գրքում չկա ավելորդ հուզականություն, զուտ պատկերներ են եւ փաստեր»։
«Նոյե» գրքի խմբագիր Կարինե Գեւորգյանն Արմեն Ամիրյանի հետ աշխատել է նաեւ նրա նախորդ գրքերի շուրջ․ նրա խոսքով, սակայն, հերթական աշխատանքային առաջարկը ստանալն անակնկալ է եղել, որը սիրով ընդունել է․
«Երբ ես ստացա առաջարկ խմբագրել Արմեն Ամիրյանի գրքերը, ինձ համար զարմանալի էր, քանի որ ես 19 տարի աշխատել եմ Արմեն Ամիրյանի հետ ռադիոյում, ու ավելի շատ մենք էինք գրում, նա մեզ խմբագրում էր, եւ այդ առաջարկն ինձ համար անակնկալ էր։ Թե ինչ ճակատագիր կունենա այս գիրքը նմանատիպ թեմայով գրքերի շարքում, դժվար է ասել, դա ընթերցողը կորոշի, բայց այս բոլոր գրքերի ուղերձը միտված է դեպի ապագան՝ որ լինենք ավելի զգոն ու պատրստ՝ գիտելիքով ու կրթությամբ, ոչ միայն տրվենք հուզականությանը, այլեւ գործենք՝ ավելի լավ ապագա ունենալու համար»,- ասաց նա։
Շնորհանդեսի պաշտոնական մեկնարկը տրվեց գրքի օրհնությամբ, այնուհետեւ Արմեն Ամիրյանը ստորագրեց գրքերը։