Շատ հիվանդությունների հանելուկային պատճառը՝ երկրորդային բորբոքում
Advertisement 1000 x 90

Շատ հիվանդությունների հանելուկային պատճառը՝ երկրորդային բորբոքում

Ի՞նչն է միավորում ալերգիան, ասթման, ատոպիկ դերմատիտը, ներքթային պոլիպոզը և այլ հիվանդություններ: Պարզվում է՝ այս բոլոր հիվանդությունների ի հայտ գալու պատճառը երկրորդային բորբոքումն է: Իսկ թե ինչ է այն իրենից ներկայացնում, պարզաբանում է հրեա բժիշկ, ալերգոլոգիայի և կլինիկական իմունոլոգիայի գծով մասնագետ Եվգենի Բարէվենը:

Այս մասին գրում է cursorinfo կայքը:

«Բանն այն է, որ մեր օրգանիզմում սովորական բորբոքային ռեակցիաները հարուցվում են որոշակի բջիջներով, որոնք կոչվում են Th1 կոչվող լիմֆոցիտներ: Երբ օրգանիզմը փորձում է ինքն իրեն պաշտպանել ցանկացած վարակից, տեղի է ունենում այդ խմբի բջիջների ակտիվացում: Դա կոչվում է սովորական իմունային ռեակցիա: Հենց դա է մեզ պաշտպանում ինֆեկցիոն հիվանդություններից»,- ասում է բժիշկը:

Ըստ նրա՝ երբ իմունային համակարգն այս կամ այն պատճառով խափանվում է, նրա ակտիվացումը տեղի է ունենում ոչ թե 1-ին խմբի T-լիմֆոցիտների խթանման ճանապարհով, այլ 2-րդ խմբի Th2-լիմֆոցիտների խթանման ճանապարհով, և սա պաթոլոգիկ իմունային ռեակցիա է: Այն չպետք է լինի օրգանիզմում, այն ստիպում է գլուխ բարձրացնել իմունային կամ ալերգիկ հիվանդություններին:

«Մենք սկսել ենք «չափազանց մաքուր» ապրել: Մենք միշտ տաք ջուր ունենք, քիչ ենք հիվանդանում վարակիչ հիվանդություններով: Դա շատ լավ է, բայց երբ իմունային համակարգը ոչ մի բանի դեմ պայքարելու խնդիր չունի, այն, ինչպես ասում են, «գծերից ընկնում է»: Այն հանկարծ բացարձակապես նորմալ և անմեղ բաները թշնամաբար է ընդունում ու նետվում է հարձակման: Դա կարող է լինել փոշի, ծաղկափոշի, կենդանիների բուրդ և այլն: Իմունային համակարգը սկսում է ոչ ադեկվատ գնահատել դրանց, արձագաքնում է, ակտիվացնում Th 2 խմբի լիմֆոցիտները, և արդյունքում ստանում ենք ալերգիկ ռեակցիա»,- ասում է դոկտոր Բարէվենը:

Բժշկի խոսքով՝ դա կարող է հարուցել բոլոր ալերգիկ հիվանդությունները՝ ալերգիկ հարբուխ, ալերգիկ ասթմա, ատոպիկ դերմատիտ, նազալ պոլիպոզ: Բոլոր այս հիվանդությունների պարագայում տեղի է ունենում իմունային համակարգի ակտիվացում սխալ ճանապարհով:

«Ալերգիկ հարբուխի ժամանակ, եթե մենք ստուգենք բրոնխները, կտեսնենք, որ 80% դեպքերում արդեն կա ներքին շնչուղիների գրգռում, և շատ հաճախ ալերգիկ հարբուխը վերածվում է ասթմայի: Ատոպիկ դերմատիտի դեպքում մենք նախազգուշացնում ենք, որ երեխան, սկսած 5 տարեկանից, շատ մեծ հավանականությամբ կունենա շնչառական ալերգիա, հարբուխ և ասթմա: Երեխայի մոտ սկսվում է հիվանդության մի տեսակ, որը հետո աստիճանաբար վերափոխվում է այլ հիվանդության: Դրանք փոխկապակցված են միմյանց հետ, և միշտ պետք է սպասել, որ եթե կա մի սիմպտոմը, մյուսները ևս ի հայտ կգան»,- ասում է հրեա բժիշկը:

Նրա խոսքով՝ այս հիվանդությունների նկատմամբ հակվածության երկու գործոն կա՝ ժառանգականության գործոնը, հատկապես ատոպիկ դերմատիտի դեպքում, և արտաքին գործոնի ազդեցությունը:

«Ինչպես արդեն ասացի, եթե ինչ-որ մեկն ապրում է չափազանց մաքուր միջավայրում, քաղաքային պայմաններում, և ընտանիքում ընդամենը մեկ երեխա կա, նրանց մոտ հաճախ իմունային համակարգի խափանում է տեղի ունենում: Գյուղական երեխաները, որոնք մեծանում են ընտանի կենդանիների միջավայրում, կամ այն երեխաները, որոնց մայրերի հղիության շրջանում տանը եղել են կենդանիներ, ավելի քիչ են տառապում ալերգիկ հիվանդություններով: Բազմանդամ ընտանիքներում, ուր երեխաներն անդադար վարակում են միմյանց զանազան բակտերիալ վարակներով, նույնպես հազվադեպ են հանդիպում ալերգիկ հիվանդություններ»,- ասում է իմունոլոգը:

Հրապարակման պատրաստեց 168.am-ը