2021 թվականին Tesla ընկերությունը ներկայացրեց Optimus կոչվող մարդանման ռոբոտի հայեցակարգը։ 173 սմ հասակ և 57 կգ քաշ ունեցող ռոբոտները, ըստ ընկերության, նախատեսված են լինելու գործարաններում աշխատելու համար։ Հայտնի է, որ Tesla-ն Optimus-ի ամբողջական մոդելը կներկայացնի այս տարվա սեպտեմբերի 30-ին։ Իսկ մինչ այդ չինական տեխնոլոգիական հսկան՝ Xiaomi ընկերությունը ներկայացրել է մարդանման ռոբոտի իր տարբերակը՝ CyberOne անվամբ։
Ռոբոտը նախագծվել է Xiaomi Robotics Lab-ի կողմից: Ռոբոտի քաշը 52 կիլոգրամ է, հասակը` 177 սմ, միջին արագությունը կազմում է ժամում 3,6 կիլոմետր։ Բացի այդ, ռոբոտը համալրված է տարածության մեջ կողմնորոշվելու, մարդկանց, ինչպես նաև շրջապատում գտնվող առարկաների ճանաչման սենսորներով։ CyberOne-ը կարող է նաև արձագանքել արտաքին գրգռիչներին և շփվել, օրինակ՝ պատասխանել մարդու հարցերին՝ միաժամանակ ճանաչելով մարդու մոտ 45 հույզ (տխրություն, ուրախություն, զայրույթ և այլն)։
CyberOne-ը կարող է նաև փոքր իրեր տեղափոխել: Շնորհանդեսի ժամանակ ռոբոտը ընկերության ղեկավարին ծաղիկ է նվիրել։
Բայց կարևոր էնշել, որ CyberOne-ը դեռ հեռու է կոմերցիոն մոդելից․ ներկայումս և գոնե մոտ ապագայում ընկերությունը չի պատրաստվում վաճառել այն։ Միաժամանակ Xiaomi-ն նախատեսում է ակտիվորեն զարգացնել ուղղությունը և, ակնհայտորեն, մրցակցել այլ արտադրողների հետ։
Հրապարակման պատրաստեց ita.am-ը