COVID-19-ից հետո ավելի շատ պացիենտներ են գանգատվում մազաթափությունից
Advertisement 1000 x 90

COVID-19-ից հետո ավելի շատ պացիենտներ են գանգատվում մազաթափությունից

Բժիշկներն ավելի ու ավելի հաճախ են հիվանդների հանդիպում, ովքեր COVID-19-ից հետո մազաթափություն են ունենում։

Նյու Յորքի Mount Sinai Health System-ի մաշկի եւ մազերի երիտասարդացման գծով տնօրեն Դոկտոր Բրայան Աբիթանը MedPage Today-ին ասել է, որ նա յուրաքանչյուր շաբաթ հանդիպում է մի քանի հիվանդի, ովքեր հայտնում են COVID-19-ից հետո մազաթափության մասին:

Անցյալ ամիս Nature Medicine ամսագրում հրապարակված հետազոտությունը ցույց է տվել, որ մազաթափությունն ախտանիշների լայն շրջանակներից մեկն է, որոնց մասին հիվանդները հայտնել են COVID-ով վարակվելուց հետո:

Հետազոտողները պարզել են, որ COVID-ով վարակման պատմություն ունեցող հիվանդների մոտ մազաթափության հավանականությունը գրեթե չորս անգամ ավելի մեծ է, քան նրանց մոտ, ով հիվանդությամբ չի վարակվել

Բացի այդ, Lancet-ում հրապարակված հետազոտության համաձայն, COVID-ով հոսպիտալացված հիվանդների 22 տոկոսը հիվանդությունից հետո մազաթափություն է ունեցել:

Մազաթափության ամենատարածված տեսակը, որը նկատվում է հիվանդների մոտ քովիդից հետո, տելոգենային էֆլյուվիումն է:

Մազաթափությունը տեղի է ունենում, երբ խաթարվում է մազերի աճի ցիկլը, որը պայմանավորված է տրավմաներով, ինչպիսիք են վիրահատությունը, հիվանդությունը կամ կյանքի ցանկացած սթրեսային իրադարձություն, ինչպիսիք են տեղափոխությունը կամ հղիությունը: Գոյություն ունի երեք փուլ, որոնց միջով մազերն անցնում են աճի ցիկլի ընթացքում՝ անագեն, կատագեն եւ տելոգեն:

Անագենն ակտիվ աճի փուլն է, կատագենն անցումային փուլն է, իսկ տելոգենը հանգստի փուլն է, որի ընթացքում մազերը թափվում են:

Տելոգենն առաջանում է, երբ գլխի մազերի մեծ մասը հանգստի փուլ է մտնում, ինչի արդյունքում դրանք ավելի արագ են թափվում: Սովորաբար հիվանդներն օրական մոտ 100 մազ են կորցնում, նշել է Աբիթանը։ Սակայն տելոգենային էֆլյուվիումով հիվանդները կարող են օրական մինչեւ 300, 500 կամ նույնիսկ 1000 մազ կորցնել, հավելել է նա:

Մազերը կարող են սկսել թափվել վարակվելուց 2-3 ամիս անց, նշել է Նյու Ջերսիի Հաքենսաք համալսարանի բժշկական կենտրոնի մաշկաբան բժիշկ Ալեքսիս Յանգը: Այս երեւույթը կարող է տեւել մինչեւ վեց ամիս, իսկ մազերի վերականգնումը սովորաբար տեւում է մոտ մեկուկես տարի, հավելել է նա։

news.am