Վերջերս Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչները հանդիպել են հրատարակիչների հետ, վերլուծել գրադարանների հետ կապված խնդիրները:
«Նախնական որոշ աշխատանքներ կան, որոնք պետք է իրականացնենք, որպեսզի կարողանանք, եթե այդպես կարելի է ասել՝ գրադարանները վերակենդանացնենք: Ավելի շատ տեխնիկական աշխատանքներ են»,- օգոստոսի 22-ի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասել էր Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:
Նա նշել էր նաև, որ պետք է որոշ գրքեր դուրս գրվեն:
«Բավականին երկար տարիներ այնտեղ գրքեր ունենք, որտեղ կարող են տարբեր հիվանդություններ լինել՝ սնկեր ու չգիտեմ ինչ: Գրքեր կան, որոնք անհրաժեշտ չեն, և դրանք պետք է դուրս գրել: Ու չլինի այնպես, թե՝ եկեք այդ գրքերը տրամադրենք մարզերին կամ այլ հաստատություններին: Մարզերին կարելի է նոր գրքեր նվիրել: Բայց այն գրքերը, որոնք մեզ պետք չեն ու դուրսգրում ենք իրականացնում՝ նշանակում է, որ անպիտան գրքեր են, ու պետք չէ ինչ-որ մեկին նվիրել»,- ասել էր քաղաքապետը:
Հրաչյա Սարգսյանի առաջարկը՝ անպիտան գրքերը դուրս գրելու և դրանք որևէ մեկին չնվիրելու մասին, լայն քննարկման առիթ է դարձել, շատերն են քննադատում սա՝ նշելով, որ կարելի է դրա փոխարեն՝ ախտահանել և վերականգնել գրքերը:
«Ստեղծե՛ք անվճար խանութներ, որտեղ կհանձնվեն գրքերը, և ում պետք է՝ կվերցնի: Ձեր որոշումով չեմ թափելու գրքերս, ավելի լավ է՝ մտածեք կանգառներում աղբամաններ տեղադրելու մասին»,- Ֆեյսբուք սոցիալական ցանցում գրել էր օգտատերերից մեկը:
168.am-ը մաշկաբան Հովհաննես Դալլաքյանից հետաքրքրվեց՝ կարո՞ղ են սնկային հիվանդություններ առաջանալ շատ հին գրքերը թերթելիս, վերջինը նշեց. «Կարող են և առաջանալ: Սնկային տարբեր հիվանդություններ կան՝ միկոզ, ռուբրոմիկոզ, օնիխոմիկոզ, միկրոսպորիա, գունափոփոխ որքին»:
Հարցին՝ որքա՞ն ժամանակ է պահանջվում սնկային հիվանդությունը բուժելու համար՝ մաշկաբանը պատասխանեց, որ՝ 10 օրից մինչ մեկ ամիս:
«Ի դեպ, մարդիկ շատ են դիմում այս հարցով, քանի որ սնկային ախտահարումը շատ տարածված է»,- եզրափակեց նա:
Մաշկաբան Գևորգ Սահակյանի փոխանցմամբ էլ՝ շատ հին գրքերից կարող են առաջանալ ալերգիաներ, մաշկաբորբ:
«Կարող են ալերգիկ ռեակցիաներ լինել, մաշկաբորբեր, սակայն սնկային հիվանդություններ՝ չեմ կարծում: Սունկն արտաքին միջավայրում կարող է պահպանվել, բայց հավանականությունը քիչ է, որ կփոխանցվի»,- հավելեց Գևորգ Սահակյանը:
Անի Կարապետյան