10 եվրոպացուց 8-ը դեռ հավատում է արեւայրուքի օգուտի մասին առասպելին. հարցում
Advertisement 1000 x 90

10 եվրոպացուց 8-ը դեռ հավատում է արեւայրուքի օգուտի մասին առասպելին. հարցում

Երբ մարդիկ փողոց են դուրս գալիս մաշկը որեւէ ձեւով չպաշտպանելով, օրինակ՝ առանց արեւապաշտպան քսուքի կամ պաշտպանող հագուստի, նրանք վտանգում են մաշկը, որը կարող է ենթարկվել արեւի ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությանը։ Մաշկի արտաքին շերտը պարունակում է մելանին, որը մաշկը պաշտպանում է արեւի ուլտրամանուշակագույն ճառագայթներից, գրել է Medical News Today-ը։

Մարդիկ, ովքեր ավելի շուտ են այրվում արեւից, ավելի շատ մելանին ունեն, եւ մելանինն արձագանքում է ուլտրամանուշակագույն ճառագայթների երարատեւ ազդեցությանը, ինչը հանգեցնում է արեւայրուքի առաջացման։ Մելանինի քիչ քանակություն ունեցող մարդիկ սովորաբար արեւից այրվածքներ են ստանում։

Չնայած արեւն ապահովում է օրգանիզմը վիտամին D-ով, արեւայրուք ստանալու համար արեւի տակ առանց պաշտպանության գտնվելը վնասակար է առողջությանը։ Բայց հարցումը, որն անցկացրել են La Roche-Posay եւ Ipsos ընկերությունները, ցույց է տվել, որ շատ մարդիկ դեռ այլ կարծիքի են։

Հետազոտողները հարցման են ենթարկել 17 000 մարդու եվրոպական երկրներից, ներառյալ Մեծ Բրիտանիան, Իսպանիան, Գերմանիան եւ Իտալիան, ինչպես նաեւ ոչ եվրոպականներից՝ ԱՄՆ, Կանադա, Բրազիլիա, Մեքսիկա եւ Ավստրալիա։

Հավաքելով հարցման արդյունքները՝ հետազոտողները համեմատել են եվրոպացիների եւ ոչ եվրոպացիների վերաբերմունքն արեւայրուքին։

Պարզվել է, որ 10 եվրոպացուց 8-ը կարծում է, որ արեւայրուքն ասոցիացվում է գեղեցկության եւ հրապուրիչ լինելու հետ։ Մտահոգիչ է այն փաստը, որ եվրոպացիների 73 տոկոսն արեւայրուքն առողջության համար օգտակար է համարում։

Մյուս կողմից՝ ոչ եվրոպացիների 67 տոկոսն արեւայրուքը հրապուրիչ է համարում, իսկ 59 տոկոսը՝ առողջության համար օգտակար։

Հուզող հարցերից մեկն էլ, որ պարզել են հետազոտողները, այն է, որ բոլոր հարցվողների մեծ մասը նշել է, որ փողոցում չի պաշտպանվում արեւից ամբողջ տարվա ընթացքում։ Երկու խմբերի հարցվողների մոտ 44 տոկոսը կարծում է, որ պաշտպանությունն անհրաժեշտ է միայն շատ շոգ օրերին։

Վերջապես, հետազոտողները հարցրել են, թե արդյոք հարցվողները գիտեն արեւապաշտպան միջոցների օգտագործման անհրաժեշտության մասին ամպամած եւ անձրեւոտ օրերին, քանի որ արեւի ուլտրամանուշակագույն ճառագայթները, միեւնույն է, թափանցում են ամպերի միջով։

Եվրոպացի հարցվողների 44 տոկոսը կամ չէր մտածել, կամ չգիտեր, թե պետք է արդյոք օգտվել արեւապաշտպան միջոցներից այդ օրերին, իսկ ոչ եվրոպացիների 36 տոկոսը չգիտեր, թե օգտակար են արդյոք արեւապաշտպան միջոցները։

news.am