Ժամանել նկարահանման հրապարակ ժամանակից շուտ, նույնիսկ առանց տեղյակ լինելու, թե ինչ ես նկարելու: Տասը-քսան րոպե մենակ մնալ և մտքերիդ ազատ «թափառելու» հնարավորություն տալ: Այսպես էր սիրում աշխատել հայտնի կինոռեժիսոր Միքելանջելո Անտոնիոնին:
Անտոնիոնին ծնվել է Իտալիայի Ֆերարե գյուղաքաղաքում 1913 թվականին: Ավարտել է Բոլոնիայի տնտեսագիտական համալսարանը: Այդ տարիներին նա քննադատական հոդվածներ էր գրում տեղական թերթերից մեկի համար: 1939թ. Միքելանջելոն տեղափոխվում է Հռոմ ու սկսում համագործակցել «Սինեմա» և «Բիանկոեներո» կինոամսագրերի հետ:
Անտոնիոնին առաջին անգամ նկարահանման հրապարակում հայտնվեց 1942-ին, երբ Մարսել Կառնեի օգնականն էր «Երեկոյան այցելուներ» ֆիլմում: Նա սովորել է հայտնի ռեժիսորներ Ֆեդերիկո Ֆելինիի և Ջուզեպպե դե Սանտիի մոտ:
Միքելանջելո Անտոնիոնին համոզված էր, որ իսկական ռեժիսորը սկսում է փաստագրական ֆիլմեր նկարելուց, և զարմանալի չէ, որ նրա առաջին գործը եղել է «Պո գետի մարդիկ» վավերագրական ֆիլմը: Երեք տարի անց նա նկարում է «Մի սիրո քրոնիկա» խաղարկային ֆիլմը: Անտոնիոնիին ճանաչում են բերում 1960-ականներին նկարահանված «Արկած», «Խավարում», «Կարմիր անապատ» ֆիլմերը: 1966-ին Կաննի կինոփառատոնի առաջին մրցանակին է արժանանում նրա «Blow Up» ֆիլմը:
Քսան տարի շարունակ Միքելանջելոն անում էր ամեն ինչ, որպեսզի գրավի թե՛ քննադատների, և թե՛ հանդիսատեսի ուշադրությունը, բայց նրա բոլոր աշխատանքները միայն սուլոցների էին արժանանում: Անտոնիոնիի ֆիլմերը կարծես նրա հարազատ երեխաները լինեին, իսկ հանդիսատեսը` խորթ: Նա այն ռեժիսորներից էր, ում ցանկություններն ու մտքերը ոչ մի կերպ չէին համընկնում հանդիսատեսի պահանջներին: Միքելանջելոն ստեղծում էր այն, ինչ իր գլխում էր՝ կարծես հաստատ իմանալով, որ մի օր իրեն էլ կհասկանան և կընդունեն: Եվ նա չէր սխալվում. ժամանակին սուլոցների արժանացած «Արկած» ֆիլմը Կաննի կինոփառատոնում ստացավ գլխավոր մրցանակ և դարձավ կինոյի պատմության մեջ ամենահանճարեղ գործերից մեկը:
Միքելանջելո Անտոնիոնին մի առիթով ասել է, որ նախընտրում է աշխատել միայն գեղեցիկ դերասանների հետ: Այդպիսիներից էր հայտնի դերասանուհի Մոնիկա Վիտտին: Անտոնիոնիի կարծիքով՝ Մոնիկան շատ հմայիչ կին է, իսկ դերասանի համար ամենակարևոր հատկանիշն էլ հենց դա է: Թատրոնում դա կարևոր չէ, որովհետև հանդիսատեսը, միևնույն է, չի տեսնում դերասանի դեմքի շարժումը: Վիտտիի առաջին դերը կինոյում եղել է «Արկած» ֆիլմում: Անտոնիոնին գտնում էր, որ Մոնիկան չի կարողանում խաղալ թատրոնում: Նրա կոչումը կինոն էր, ոչ թե բեմը: Բայց շատերն այլ կարծիքի էին. եթե նա չկարողանար խաղալ թատրոնում, դժվար թե Արթուր Միլլերն իր գրած «Անկում» պիեսի բեմականացումը դիտելիս արտասվեր: Իսկ իտալացի ռեժիսոր Ալբերտո Սորդին ասել է, որ Մոնիկան միակ կոմիկ դերասանն է ամբողջ աշխարհում:
«Եթե ինձ հարցնեք, թե ինչ է ռեժիսուրան, առաջին պատասխանը, որ միտքս է գալիս՝ «չգիտեմն» է: Երկրորդը` այդ հարցի բոլոր պատասխանները կարող եք գտնել իմ ֆիլմերում: Կինոդպրոցում մեզ սովորեցնում են հարյուրավոր կանոններ, բայց նրանք արժեք ունեն միայն այնքան ժամանակ, մինչև չես սկսում նկարել: Հաճախ ես նկարում եմ, որ ինքս ինձ ապացուցեմ, թե որքան անպետք են դրանք: Դու խախտում ես դրանցից մեկը, բայց դիտողը չի էլ նկատում. նրան հետաքրքրում է միայն քո սխալի արդյունքը: Ֆիլմեր նկարելիս ես չեմ օգտվում կանոններից, ինձ մոտ դա բնազդաբար է ստացվում: Եթե ժամերով մտածեմ՝ ինչպե՞ս նկարել այս կամ այն դրվագը, միևնույն է, վերջում լրիվ այլ բան է ստացվելու: Միշտ մտածել եմ նկարել մի ֆիլմ, որտեղ դերասանները կխաղան դատարկ տարածության մեջ` հնարավորություն տալով դիտողին, որ ինքը երևակայի հերոսներին շրջապատող աշխարհը»:
Շվեդ հայտնի կինոռեժիսոր Ինգմար Բերգմանը չէր վախենում մահանալուց և կյանքը նմանեցնում էր մոմի, որը վերջում հանգչելու էր: Նույնը չես կարող ասել Անտոնիոնիի դեպքում. նա դեռ երազանքներ ուներ և չէր էլ մտածում մահվան մասին: Բայց ո՞վ կմտածեր, որ Միքելանջելոն կյանքի վերջին տարիները կանցկացնի մահճակալին գամված՝ խոսելու և շարժվելու ունակությունը կորցրած: Այդ ընթացքում մշտապես նրա կողքին է եղել երկրորդ կինը` Էրիկան: Անտոնիոնին, սակայն, այնքան էր սիրում կինոն, որ նույնիսկ հիվանդ լինելով՝ նկարեց իր վերջին՝ «Ամպերից այն կողմ» ֆիլմը:
Միքելանջելո Անտոնիոնիի մասին վերջին հարցազրույցը եղել է նրա կնոջ հետ: Էրիկան պատմել է, որ Անտոնիոնիի հետ իր առաջին հանդիպումը շատ նման է եղել «Ուղևորը» ֆիլմի սյուժեին, որտեղ գլխավոր հերոսը հանդիպում է հերոսուհուն Լոնդոնում, բայց առանց որևէ խոսք ասելու հեռանում է: Կարճ ժամանակ անց նրանք նորից են հանդիպում, սակայն արդեն Փարիզում:
«Ես Անտոնիոնիին առաջին անգամ տեսա փողոցում իր ընկերներից մեկի հետ զրուցելիս և միանգամից ցանկացա նրան մոտենալ ու ծանոթանալ, բայց մի վայրկյան էլ չէր անցել, երբ նա անհետացավ, և ես հեռացա: Մի շաբաթ անց մենք նորից հանդիպեցինք, և մեր ընդհանուր ընկերը ներկայացրեց ինձ Միքելանջելոյին: Դա ճակատագիր էր: Մի քիչ զրուցելուց հետո նա ինձ ասաց, որ ես հենց այն կինն եմ, ում երկար տարիներ սպասում էր: Նա շատ հավատարիմ ամուսին էր: Ես երբեք չեմ մտածել, որ կարող է դադարել ինձ սիրել: Շատերն ինձ ասում էին, որ այդ ամուսնությունը մեր միջև եղած տարիքային մեծ տարբերության պատճառով երկար չի տևի: Բայց Անտոնիոնիի կողքին լինելով՝ ես դարձել եմ ավելի խելացի և հասուն»:
Էրիկան ասում է, որ Միքելանջելոն ապրում էր կինոյով, և երբ սկսվեցին «Ամպերից այն կողմ» ֆիլմի նկարահանումները, նա կարծես վերածնվեց: Երկար ժամանակ նրա աչքերն այդպես չէին փայլել: Ֆիլմը հիմնված է Միքելանջելոյի գրած՝ չորս մասից բաղկացած գրքի վրա: Այս ֆիլմի միջոցով նա կարողացել է արտահայտել բոլոր մտքերն ու զգացմունքները, որոնք կուտակվել էին երկար տարիների ընթացքում:
Միքելանջելո Անտոնիոնին երբեք չէր ափսոսում այն ժամանակը, որն անցկացրել է երազելով: Նրա համար ամեն երազ մի նոր ֆիլմ էր, մի նոր գլուխգործոց: Անտոնիոնին հավատում էր, որ կյանքի հիմքը սերն է, և չէր դադարում սիրով լցնել իրեն հավատացող և վստահող մարդկանց կյանքը:
Նանե Պասկևիչյան
«3 Միլիոն»