Կան վիտամիններ, որոնք պետք է կուտակել սեզոնային վարակների ժամանակ: D և C վիտամինները աշնան հիմնական վիտամիններն են։ Այս մասին Газета.Ru-ին պատմել է սննդաբան Ելենա Տիխոմիրովան։
«Վիտամին D-ն անհրաժեշտ է ամուր ոսկորների և ատամների ու առողջ իմունային համակարգի պահպանման համար: Սեզոնային վարակների ժամանակ իմունային համակարգը ամրապնդելու հեշտ միջոց կա՝ վիտամին D ընդունել, քանի որ այն ամբողջությամբ չենք կարող ստանալ սննդից։ Այնուամենայնիվ, պետք է հիշել, որ միայն բժիշկը կարող է նշանակել վիտամիններ և դրանց անհրաժեշտ չափաբաժինները: Ուստի, վիտամին D-ի ընդունումը պետք է իրականացվի բժշկի կողմից խստորեն որոշված չափաբաժնով»,- բացատրում է բժիշկը։
Ելենա Տիխոմիրովան նաև նշել է, որ վիտամին C-ն պետք է ընդունել ամեն օր սննդի հետ, քանի որ այն չի սինթեզվում օրգանիզմում, և դրա դեֆիցիտի դեպքում նվազում է վարակների նկատմամբ ընդհանուր դիմադրողականությունը։
«Եթե կա սեզոնային բանջարեղենով և մրգերով այն փոխարինելու հնարավորություն, ապա վիտամին C-ի հավելյալ ընդունման կարիք չկա։ Աշնանային սեզոնային մթերքներից կարելի է առանձնացնել բուլղարական պղպեղը, կաղամբի տարբեր տեսակները, խնձորը։ Այս սեզոնային մթերքները պարունակում են մեծ քանակությամբ վիտամին C։ Պետք է առանձնացնել նաև սեզոնային սնկերը, հատկապես շամպինիոնը, որոնք պարունակում են մեծ քանակությամբ բջջանյութ»,- խորհուրդ է տալիս մասնագետը։
Բժիշկը շեշտում է, որ չի կարելի վիտամինային կոմպլեքսներ ընդունել, որոնցում միկրոէլեմենտները օրական չափաբաժնից ավելի են պարունակում։