«Համավարակը» ընտրության առջև կանգնած հայ մարդու մասին է. Գուրգեն Խանջյան
Advertisement 1000 x 90

«Համավարակը» ընտրության առջև կանգնած հայ մարդու մասին է. Գուրգեն Խանջյան

Արձակագիր, դրամատուրգ Գուրգեն Խանջյանի նոր գիրքն արդեն  ընթերցողի սեղանին է:  «Համավարակը», այն մարդու՝ հայ մարդու մասին է, ընտրության առջև կանգնած մարդու, որը մտածում է՝ մնա՞լ իր տանը, թե՞ ոչ։ Ի վերջո որոշում է մնալ։

168.am-ի հետ զրույցում Գուրգեն Խանջյանն աաց, որ երբ նոր էր նախատեսել գիրք գրել, Հայաստանում սկսվեց համավարակը, դրան էլ հաջորդեց 2020 թվականի արցախյան 44-օրյա պատերազմը։

«Ես այդ ամբողջ իրադարձությունները հանձնել եմ գրքին, մինչև պատերազմի ավարտը։ Իհարկե, այն մանրամասն վերլուծություն չէ, ուղղակի մարդու մասին է, հայ մարդու մասին, որը վերադարձել է իր տուն ու մտածում է՝ մնա՞, թե՞ ոչ։

Ի վերջո նա որոշում է, որ իր տանը պետք է մնա։

Մենք հազարամյականեր ենք անցել ու մնացել ենք, ուրեմն այստեղ մի բան կա, հենց այնպես չէ, էլի»,- նշեց Գուրգեն Խանջյանը։

Գրողը տեսնելով համավարակին ու պատերազմին հաջորդող ժամանակաշրջանը՝ ցավ է ապրում, երբ բազմաթիվ տղաներ են զոհվում։

«Պետք է աշխատել, այլ ոչ թե կանգնել ու հայտարարել, թե մենք փող ունենք, բայց մեզ զենք չեն վաճառում։ Ինչքան կարող ենք կորուստներ տալ, երբ կարելի է աշխատել։ Ուրեմն Իրանն ավելի շատ մեզ է կողմնակից, մեր շահերը համընկնում են, ու մեզ զենք չի՞ տալիս։ Կամ Ռուսաստանը մեզ զենք չի՞ վաճառում, բա 44-օրյային ինչպե՞ս էր տալիս, ես այդ պատմությունը լավ գիտեմ»,- նշեց Գուրգեն Խանջյանը։

Դրամատուրգի խոսքով՝ եթե նույնիսկ զենք չեն կարողանում ձեռք բերել, ավելի լավ է հեռանան և թույլ տան՝ այն մարդիկ աշխատեն, որոնք կարող են։

«Այնպիսի խաղեր են մեր աչքի առաջ գնում, որ ուղղակի ապշում ենք, մարդիկ ուղեղները լրի՞վ են կորցրել, թե՞ իրենք իրենց ու իրենց ազգի թշնամին են։ Թե՞ հիմար են, բայց չեմ կարծում՝ այս աստիճանի հիմար կլինեն, գուցե՞ անկարող են, իսկ դրա արդյունքում մենք բոլորս ենք տուժում։ Իրենք ասում են՝ սպասեք, մինչև մենք սովորենք երկիր կառավարել, է՛հ, ինչքա՞ն կարող ենք սպասել, ինչա՞ն կարող ենք զոհ տալ, մինչև դուք սովորեք, հո փորձադաշտ ու թռչնաֆաբրիկա չէ՞, երկիր է, ի վերջո»,- եզրափակեց Գուրգեն Խանջյանը։

Զվարթ Խաչատրյան