Ինչպե՞ս ստեղծել ներդաշնակ ընտանիք, ո՞ր գործոններն են չափազանց կարևոր․ թեմային անդրադարձել է Հայ Ամերիկյան Առողջության Կենտրոնի սեքսապաթոլոգ, դոցենտ Սևադա Հակոբյանը։
Նա նշում է․«Ֆիզիկական գործոն – այն ունի ինտուիտիվ բնույթ, մարդը առաջացնում է սիմպատիա կամ անտիպատիա: Սա անձնային ռեակցիա է, որը որոշվում է արտաքին պատկերով՝ դեմքը, ձայնի տեմբրը, տվյալ մարդուն բնորոշ հոտը, միմիկան, խոսքը և վարքը: Շփումների առաջին իսկ փուլում ձևավորվելով՝ այս գործոնը դրսևորում է բացառիկ կայունություն և պահպանում է իր դրական կամ բացասական երանգը ամբողջ կյանքի ընթացքում:
Նյութական գործոն – որոշվում է ընտանիքի ընդհանուր նյութական կարգավիճակում յուրաքանչյուրի ներդրման փոխհարաբերությամբ և նաև թե ինչպիսին են նրանց նյութական իմաստով միմյանցից սպասումները և պահանջները:
Մշակութային գործոն – որոշվում է ամուսինների ինտելեկտուալ-մշակութային պահանջների համընկմամբ: Այս գործոնի դրսևորումը կարող է փոփոխվել կյանքի ընթացքում:
Սեքսուալ գործոն – որոշվում է, թե ինչպիսի սպասումներ ունեն ամուսինները ինտիմ կյանքից, և իրականում դա համընկնու՞մ է միմյանց պահանջներին, թե ոչ: Այդ գործոնը կարող է փոփոխվել՝ պայմանավորված տարիքով և սեռական առողջության վիճակով:
Հոգեբանական գործոն – այդ գործոնն է ապահովում մարդու վարքի, միջանձնային փոխհարաբերությունների, բնավորության և սեռային դերի ամբողջականությունը:
Ներդաշնակ ընտանիքի ձևավորումը տեղի է ունենում աստիճանաբար՝ առաջին սիրահարվածության հիացմունքից, հուզումնալից ապրումներից մինչև ամենօրյա կենցաղային մանրուքներից հիասթափություն, մինչև ռեալ իրականության մեջ ամուսնու կամ կնոջ ընդունում՝ իր արժանիքներով և թերություններով: Այսինքն, ամուր ընտանիքի ձևավորումը շարունակական գործընթաց է, որտեղ յուրաքանչյուրը պետք է զգա իր մասնակցության կարևորությունը»: