ՆԱՍԱ-ի Ջեյմս Ուեբի անվան տիեզերական աստղադիտակը (James Webb Space Telescope) ևս մեկ ապշեցուցիչ լուսանկար է արել՝ այս անգամ ֆիքսելով հայտնի «Արարման սյուները», որտեղ գազի և փոշու խիտ ամպերի մեջ նոր աստղեր են ձևավորվում: Այս ամբողջ գեղեցկությունը գտնվում է Արծվի միգամածությունում՝ Երկրից մոտ 6500 լուսատարի հեռավորության վրա։
Նկարում «Արարման սյուները» նման են ժայռային վիթխարի գոյացությունների, բայց դրանք իրականում ժայռեր չեն, այլ միջաստեղային սառը գազ և փոշի, որոնք ինֆրակարմիր լույսի մոտակա սպեկտրի ներքո երբեմն կիսաթափանցիկ են թվում: Ինչպես նշում են ՆԱՍԱ-ի փորձագետները, հենց այստեղ են նոր աստղեր ձևավորվում։
«Արարման սյուներն» առաջին անգամ լուսանկարել է Hubble աստղադիտակը 1995 թ։ 2014 թ․ աստղադիտակը դրանց ևս մեկ լուսանկար է արել (ձախից), որում տեսանելի լույսի ներքո պատկերն ավելի հստակ և լայն էր երևում: James Webb-ի լուսանկարը (աջից) արվել է մոտակա ինֆրակարմիր լույսի ներքո և, ի տարբերություն Hubble-ի պատկերի, հնարավորություն է տալիս աստղաստեղծ այս տարածքում դիտել փոշուց այն կողմ եղած միջավայրը։ Փոշու շագանակագույն սյուներն այլևս այնքան անթափանց չեն, բացի դրանից, տեսադաշտում շատ կարմիր աստղեր կան, որոնդ դեռ կազմավորվում են:
Երկու պատկերների ուսումնասիրությունը կարող է գիտնականներին օգնել ավելի լավ հասկանալ աստղերի ձևավորման գործընթացները, ինչպես նաև ավելի ճշգրիտ որոշել այս տարածաշրջանում վերջերս (տիեզերական չափանիշներով) ձևավորված աստղերի, գազի և փոշու քանակը: Ժամանակի ընթացքում գիտնականները կկարողանան ավելի շատ գիտելիքներ ձեռք բերել այն մասին, թե ինչպես են ձևավորվում նոր աստղերը միլիոնավոր տարիների ընթացքում և ինչպես են դրանք դուրս գալիս փոշու այս ամպերի միջից:
Հնարավոր է, որ «Արարման սյուներն» այսօր այլեւս գոյություն չունենան։ Ենթադրվում է, որ մոտ 6000 տարի առաջ այս տարածքի մոտ տեղի է ունեցել գերնոր աստղի պայթյուն, և «Սյուներն» անճանաչելիորեն փոխվել են, իսկ դրանցում նոր աստղեր դադարել են ձևավորվել: Բայց քանի որ նրանք մեզնից հեռու են գրեթե 7000 լուսատարի, Երկրից մարդիկ միայն 1000 տարի հետո կկարողանան տեսնել, թե ինչ է տեղի ունեցել այնտեղ, երբ «Արարման սյուներից» լույսը կհասնի Արեգակնային համակարգ: