21-րդ դարի մասնագիտությունը. տվյալագետ (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

21-րդ դարի մասնագիտությունը. տվյալագետ

Google որոնողական համակարգում «Data Scientist is» փնտրելու դեպքում, առաջարկվում է ընտրել «Data scientist is the sexiest job» («Տվյալագետն ամենասեքսուալ աշխատանքն է») արտահայտությունը։ Սա հատված է այս մասնագիտության վերաբերյալ թերևս ամենահատնի՝ Harward Business Review-ի կողմից 2012 թ․ հրապարակված «Data Scientist: The Sexiest Job of the 21st Century» (Տվյալագետ․ 21-րդ դարի ամենասեքսուալ աշխատանքը) հոդվածի վերնագրից։ Փորձենք հասկանալ, թե ինչ է իրենից ներկայացնում այս նոր «սեքսուալ» մասնագիտությունը։

Մի փոքր պատմություն 

«Նոր» բառը պատահական չէ։ Չնայած «տվյալագիտություն» տերմինը ստեղծվել է 1960-ականներին՝ այն մոդայիկ է դարձել և առօրյա խոսույթի մաս կազմել միայն 50 տարի անց՝ 2008-ից հետո։ 2011 թ․ տվյալագետի պահանջարկը աշխատաշուկայում աճել է 15 000%-ով (այո, այո, հենց տասնհինգ հազար տոկոսով)։ Նման հսկայական պահանջարկի պատճառը համացանցի տարածվածության աճն էր, որի արդյունքում ընկերություններին հասանելի դարձան ահռելի ծավալով տվյալներ, որոնք անհրաժեշտ էր մշակել և վերլուծել՝ ընկերության ռեսուրսների արդյունավետ կառավարման և եկամտի աճի նպատակով։ Այսպիսով, 2013 թ․ IBM-ի տվյալներով նախորդ երկու տարիներին ստեղծվել է աշխարհում այդ պահին եղած տվյալների 90%-ը։

Տվյալագիտության զարգացման արդյունքում առաջացել են այնպիսի երևույթներ, ինչպիսիք են արհեստական բանականությունը (Artificial Intelligence, AI), մեքենայական ուսուցումը (Machine Learning, ML), իրերի համացանցը կամ բանացանցը (Internet of things, IoT) և այլն։

Տվյալագիտությունն այսօր և վաղը

Հայտնի հոդվածից 10 տարի անց՝ 2022 թ․ հուլիսին հրապարակվեց դրա թարմացումը «Is Data Scientist Still the Sexiest Job of the 21st Century?» («Արդյո՞ք տվյալագետը դեռ 21-րդ դարի ամենասեքսուալ աշխատանքն է») վերնագրով։ Հոդվածի հեղինակներն արձանագրում են, որ մեկ տասնամյակ անց տվյալագետի մասնագիտությունն ավելի պահանջված է գործատուների շրջանում, քան երբևէ։ Արհեստական բանականության պահանջարկի հետևանքով ընկերությունների մեծ մասը տվյալագետների են վարձում նման համակարգեր ստեղծելու համար։ ԱՄՆ Աշխատանքի վիճակագրության բյուրոն կանխատեսում է, որ տվյալագիտությունը մինչև 2029 թ․ ավելի մեծ աճ կունենա, քան գրեթե ցանկացած այլ բնագավառ։ Կալիֆոռնիայում փորձառու տվյալագետի միջին աշխատավարձը հասնում է տարեկան 200 000 ԱՄՆ դոլարի (ամսական շուրջ 17 000 ԱՄՆ դոլար)։

Մասնագիտությունը վերջին 10 տարիների ընթացքում կրել է նաև զգալի փոփոխություններ։ Մասնավորապես, հստակեցվել են տվյալագետի աշխատանքային պարտականությունները։ Բացի դրանից, եթե նախկինում չկային տվյալագետի մասնագիտության կրթական ծրագրեր, և տվյալագետներ էին դառնում հարակից ոլորտների մասնագետները, ապա այժմ դրանց ընտրությունը մեծ է, հիմնական մասը՝ մագիստրատուրայի կրթական աստիճանի համար։

Բանկերում, ապահովագրական, և նույնիսկ առողջապահական ծառայություններ մատուցող ընկերություններում և պետական գործակալություններում այսօր աշխատում են տվյալագետների մեծ թիմեր. ֆինանսական ծառայություններ մատուցող խոշոր ընկերությունները կարող են ունենալ հարյուրավոր տվյալագետներ: Տվյալների գիտությունը նաև արդյունավետ է կիրառվել սոցիալական ճգնաժամերը լուծելու, Covid-19-ով վարակվելու դեպքերի և մահերի հաշվառման ու կանխատեսման, պատվաստանյութերի ստեղծման, եղանակային աղետների դեմ պայքարում:

Ի՞նչ է ենթադրում տվյալագետի աշխատանքը

Տվյալագիտության հիմքում ընկած է վիճակագրությունը։ Սակայն ի տարբերություն վիճակագրի՝ տվյալագետը պետք է հասկանա ծրագրային ապահովումից և առնվազն միջին մակարդակի տիրապետի ծրագրավորման մի քանի լեզուների։ Տվյալագետները վերլուծական փորձագետներ են, որոնք օգտագործում են իրենց հմտությունները տվյալների կառավարման, դրանց մեջ միտումներ գտնելու և այդպիսով բիզնես մարտահրավերների լուծումները բացահայտելու համար:

Տվյալագետը նկարագրում է հետազոտության խնդիրը, նշում անհրաժեշտ ինֆորմացիան հավաքելու հիմնական աղբյուրները և ստեղծում համակարգ տվյալների հավաքագրման և արտապատկերման համար, ծրագրեր դրանց վերլուծության և արդյունքների դուրս բերման համար։

Սակայն տվյալագետները հիմնականում բախվում են արդեն իսկ եղած խառը, չդասակարգված, «կեղտոտ» (ոչ ճշգրիտ, վրիպակներ ունեցող) տվյալների հետ, որոնք ստացվում են խելացի սարքերից, սոցցանցերից և էլեկտրոնային փոստերից, և նրանց պարտականություններին ավելանում է նաև «տվյալների մաքրումը»։

Շատ ընկերություններում տվյալագետի աշխատանքը ենթադրում է նաև խորհրդատվություն և լուծումների ու նոր գաղափարների առաջարկում, հետևաբար մասնագետը պետք է նաև համապատասխան գիտելիքներ ունենա բիզնեսի վարման և/կամ ընկերության գործունեության ոլորտի առանձնահատկությունների վերաբերյալ։

Տվյալագետներն իրենք աշխատանքի ընթացքում հիմնականում օգտագործում են հետևյալ ծրագրավորման լեզուները՝ Python, SQL, R, Java, Scala, Julia, JavaScript, C/C++,MATLAB, Go և SAS. Նրանք պետք է ունենան մաթեմատիկական, վիճակագրական խորացված գիտելիքներ։

Տվյալագետների պահանջարկը Հայաստանում

Հայկական շուկայում շատ հաճախ տվյալագետի աշխատանքի ներքո ենթադրում են ավելի քիչ գիտելիքներ և հմտություններ պահանջող տվյալների ճարտարագետի կամ տվյալների վերլուծաբանի աշխատանք։ Տվյալների ճարտարագետը հիմնականում զբաղվում է ծրագրերի, մոդելների ստեղծմամբ, վերլուծաբանը, օգտագործելով եղած մոդելները, վերլուծում է տվյալները, իսկ տվյալագետը տիրապետում է երկու հմտություններին միաժամանակ։

Աշխատավարձը հայկական շուկայում կախված է մասնագետի փորձառությունից և տատանվում է 200 000 – 3 000 000 դրամի սահմաններում։ Աշխատանքի որոնման առցանց հարթակներում տվյալագետների հարյուրավոր հայտարարություններ, ինչը ենթադրում է նրանց մեծ պահանջվածության մասին։

news.am