Հայաստանում յուրաքանչյուր տարվա 40-րդ շաբաթը կամ հոկտեմբերի սկիզբը համարվում է գրիպի սեզոնի սկիզբ:
ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի իմունականխարգելման և կառավարելի վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Սվետլանա Գրիգորյանից 168.am-ը փորձեց պարզել, թե գրիպի դեմ հանրապետությունում առկա ի՞նչ պատվաստանյութ կա, արդյո՞ք մեզ վաղուցվանից հայտնի պատվաստանյութն է, թե՞ նոր է, վերջինը պատասխանեց. «Գրիպի դեմ պատվաստումները տարիներ շարունակ ՀՀ-ում կիրառվել են, և դա ցուցված է յուրաքանչյուր սեզոնից առաջ՝ սեպտեմբերի վերջից հոկտեմբերի սկիզբ յուրաքանչյուր տարի ՀՀ է ներկրվում տվյալ սեզոնին շրջանառվող վիրուսի տեսակին համապատասխան պատվաստանյութ: Այս տարի էլ Հայաստան ներկրվել է քառավալենտ պատվաստանյութ, որը պարունակում է տվյալ սեզոնին կանխատեսվող 4 տիպերը, որոնք առավել շատ են շրջանառվում: Պատվաստանյութը նոր չէ, ուղղակի յուրաքանչյուր սեզոնի համար առաջարկվում է տվյալ սեզոնին համապատասխան պատվաստանյութ»:
Նրա փոխանցմամբ՝ ներկայում գրիպի պատվաստումների բավական մեծ պահանջարկ կա և, գրիպի դեմ պատվաստվելիս առաջնահերթությունը տրվում է ռիսկի խմբերին, որոնք 6 ամսականից մինչև 5 տարեկան երեխաներն են, հղիները, քրոնիկ հիվանդություն ունեցող, 65 տարեկանից բարձր անձինք:
«Գրիպի դեմ պատվաստումները կարող են միաժամանակ իրականացվել կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումների հետ համատեղ կամ ինտերվալով: Ցանկացած պարագայում որևէ խնդիր չի կարող առաջանալ»,- նշեց Սվետլանա Գրիգորյանը:
ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի իմունականխարգելման և կառավարելի վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետն ընդգծեց՝ գրիպի դեմ պատվաստումն էլ ունի հակացուցումներ, օրինակ, այդպես կարող է լինել, եթե անձի մոտ քրոնիկ հիվանդության սրացման փուլն է:
Հետաքրքրվեցինք, հիմնականում աշնա՞նն են պատվաստվում գրիպի դեմ, Սվետլանա Գրիգորյանն ասաց, որ եթե անձն ինչ-ինչ պատճառներով աշնանը կամ հունվար-փետրվար ամիսներին չի ստացել գրիպի դեմ պատվաստում, կարող է նաև գարնանը պատվաստվել, որովհետև հիվանդության որոշակի աճ լինում է նաև գարնան ամիսներին: Սակայն սա հակացուցում չի լինի, որպեսզի աշնանը ևս պատվաստվի՝ նոր սեզոնին ընդառաջ:
«Ներկայում ՀՀ բոլոր պոլիկլինիկաներում առկա է ֆրանսիական արտադրության SANOFI Պաստեր տետրացին գրիպի քառավալենտ պատվաստանյութը»,- եզրափակեց ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի իմունականխարգելման և կառավարելի վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետը:
Հիշեցնենք, որ պատվաստումներն իրականացվում են նաև Առողջության առաջնային պահպանման օղակում` անկախ կցագրման փաստից, ինչպես նաև Ամիրյան 2 հասցեում տեղակայված շարժական կետում, որտեղ կարող եք պատվաստվել գրիպի և COVID-19-ի դեմ:
Սեզոնային գրիպի դեմ պատվաստումը կանխարգելում է գրիպով վարակվելու հավանականությունը քրոնիկ հիվանդների շրջանում, նվազեցնում է սրտանոթային խնդիրների առաջացման ռիսկը սրտանոթային հիվանդություններով տառապողների շրջանում:
Նվազեցնում է նաև հոսպիտալացման ռիսկը շաքարային դիաբետ (79%) և թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն (52%) ունեցողների շրջանում, իսկ հիվանդանալու դեպքում, սեզոնային գրիպի դեմ պատվաստման շնորհիվ, հիվանդությունը կունենա թեթև ընթացք։
Անի Կարապետյան
Գրիպ, պատվաստանյութ, պոլիկլինիկա