Գիտության օրը՝ նոյեմբերի 10–ը, կարող է դառնալ վերածննդի օր․ գիտնական
Advertisement 1000 x 90

Գիտության օրը՝ նոյեմբերի 10–ը, կարող է դառնալ վերածննդի օր․ գիտնական

Նոյեմբերի 10–ը՝ Գիտության համաշխարհային օրը, մի օր պիտի դառնա իսկական ազգային տոն, կարծում է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղար Արթուր Իշխանյանը։

«Մեր ապագան գիտությունն է։ Դա պետք է դառնա շատ կարևոր ազգային գաղափար և արտահայտվի ամեն ինչում»,- ասում է նա։

Նոյեմբերի 10-ը Գիտության համաշխարհային օրն է՝ հանուն խաղաղության և զարգացման։ Այն սահմանվել է 2002 թ․ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից, և կոչված է ընդգծելու գիտության կարևոր դերը հասարակության կյանքում, անգամ՝ առօրյայում։ 2022 թ․ համար, որպես օրվա խորհուրդ, առաջարկվել է շեշտել «հիմնարար գիտության դերը՝ ի նպաստ կայուն զարգացման»։

«Իմ խորին համոզմամբ, գիտության կարգավիճակը Հայաստանում պետք է էապես բարձրացվի, վերաբերմունքը գիտության հանդեպ մոտավորապես դառնա կրոնական մակարդակի»,- ասում է Արթուր Իշխանյանը։

Նշենք, որ Գիտության համաշխարհային օրը Հայաստանի համար մեկ այլ առումով ևս խորհրդանշական է։ Զարմանալի զուգադիպությամբ, Հայաստանի գիտությունների ակադեմիան ստեղծվել է հենց նոյեմբերի 10-ին, 1943 թ․՝ ՀՍՍՀ կառավարության որոշմամբ:

Այսօր՝ 2022 թ. նոյեմբերի 10-ին, ՀՀ ԳԱԱ–ն մի շարք միջոցառումներ է պլանավորել։ Նախագահության շենքում կկազմակերպվեն գիտափորձեր, փորձանմուշների, պաստառների, լուսանկարների ցուցադրություններ բարձր դասարանների աշակերտների և ուսանողների համար: Նախատեսվում է անցկացնել տարբեր թեմաներով դասախոսություններ, ինչպես նաև՝ «Հայաստանը և իր հարևանները» թեմայով քննարկում: Գիտության համաշխարհային օրվան նվիրված միջոցառումներ կանցկացվեն նաև ՀՀ ԳԱԱ գիտահետազոտական կազմակերպություններում:

Նախաձեռնությանը միացել են նաև մի շարք մշակութային հաստատություններ։ Օրինակ՝ Ա․ Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը նոյեմբերի 10-ի «Դիմակահանդես» ներկայացումը նվիրում է Գիտության օրվան և այդ մասին գրառում է արել իր ֆեյսբուքյան էջում։

«Բայց սա դեռ փոքր մասն է այն ամենի, ինչ պետք է արվի»,- ասում է Արթուր Իշխանյանը։ «Երկար տարիների ընթացքում ես բազմաթիվ փորձեր եմ արել այս ուղղությամբ։ «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» նախաձեռնությունը դիմել էր պետական տարբեր ատյանների, որպեսզի նոյեմբերի 10–ը Հայաստանում տոն հայտարարվի, և  հայտնի հայ գիտնականների անուններով մրցանակներ սահմանվեն, որոնք կհանձնվեն այդ օրը, հանդիսավոր կերպով։ Առաջարկվում էր, որ գիտության փառատոններ և նմանատիպ այլ միջոցառումներ կազմակերպվեն»,– պատմում է նա։

Օրինակ՝ առաջարկվում էր, որպեսզի Ազգային ժողովը սահմանի Լուիջի Ջակոմո (Հակոբ) Չամիչյանի անվան մրցանակ։ Չամիչյանը հայազգի հայտնի գիտնական է, որն ապրել և ստեղծագործել է Իտալիայում, լուսաքիմիայի և էմիսիոն սպեկտրադիտման հիմնադիրներից մեկն է։ Նա առաջադրվել է Նոբելյան մրցանակի, բայց մահացել է մինչև մրցանակաբաշխությունը, իսկ Նոբելյան մրցանակը, ինչպես հայտնի է, հետմահու չի շնորհվում։ Նրա անունով է կոչվում Տրիեստի այն փողոցը, որտեղ նա ապրել է, ինչպես նաև՝ Բոլոնիայի համալսարանի Քիմիայի ինստիտուտը։ Չամիչյանը նաև Իտալիայի սենատոր էր, և հենց այս հանգամանքից ելնելով էլ առաջարկվում է, որպեսզի գիտության ոլորտում ԱԺ մրցանակը կոչվի Չամիչյանի անունով։

Կրթության և գիտության նախարարության մրցանակն առաջարկվում է կոչել ԽՍՀՄ հայտնի ֆիզիկոս Գուրգեն Ասկարյանի անունով, որը ևս կարող էր Նոբելյան մրցանակ ստանալ։

«20–րդ դարը գիտության դար էր։ Ֆիզիկան (ֆիզուս՝ բնություն, որը նաև նշան ունի՝ Ψ) կարող էր հայտարարվել նոր «աստվածություն», թեպետ դա տեղի չունեցավ։ Հիմա, պատկերավոր ասած, մեզ համար գիտությունը պետք է դառնա մի նոր կրոն։ Կարծում եմ՝ ուրիշ տարբերակ չկա»,– ասում է Արթուր Իշխանյանը, հավելելով, որ նոյեմբերի 9-ը մեզ համար ծանր օր է, իսկ նոյեմբերի 10-ը կարող է դառնալ վերածննդի օր։

news.am