National Geographic-ն անդրադարձել է հայկական Robin ռոբոտին. ինչո՞վ է առանձնահատուկ այն (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

National Geographic-ն անդրադարձել է հայկական Robin ռոբոտին. ինչո՞վ է առանձնահատուկ այն

Հայկական Expper Technologies ընկերության ստեղծած Robin the Robot-ը հայտնվել է National Geographic Kids ամսագրի էջերին։ Պարբերականը ռոբոտին անվանել է «Robot Doc»՝ ռոբոտ-բժիշկ։ Այս մասին սոցիալական ցանցերի իր էջերում հայտնել է ռոբոտի հեղինակներից Կարեն Խաչիկյանը։

Ի՞նչ է հայտնի Robin the Robot-ի մասին

Robin the Robot-ին ստեղծողները «հուզական աջակցության ռոբոտ» են անվանում: Այն օգտագործվում է հիվանդանոցներում՝ օգնելով երեխաներին հաղթահարել բժշկական միջամտությունների հետևանքով առաջացող սթրեսը։ Այս նպատակով իրականացվել են հոգեբանական բազմաթիվ հետազոտություններ, ինչի շնորհիվ Robin-ը կարողանում է իրական ժամանակում վերլուծել երեխաների էմոցիաներն ու արագ արձագանքել դրանց։

Ռոբոտը զրուցում է երեխաների հետ, կատակներ անում, նրանց համար հասկանալի ձևով բացատրում բժշկական միջամտության ընթացքն ու նպատակը և խաղեր կազմակերպում։

Ռոբոտն ունի 119 սմ երկարություն, պատրաստված է վերամշակելի պլաստիկից, որը հեշտությամբ մանրէազերծվում է ուլտրամանուշակագույն ճառագայթների և այլ ախտահանիչների օգնությամբ՝ նվազեցնելով վիրուսների տարածումը։

Ռոբոտն առաջին երկամսյա փորձարկումն անցել է Հայաստանում՝ Վիգմոր և Ավանտա կլինիկաներում, Նորք-Մարաշ հիվանդանոցում՝ շփվելով մոտ 100 երեխաների հետ։ Ռոբոտի հետ շփման արդյունքում երեխաների մոտ 26 տոկոսով բարձրացել է տրամադրությունը և 34 տոկոսով նվազել սթրեսը։

Robin the Robot-ը եւ տարեցները

Robin the Robot-ը կարող է էմոցիանալ աջակցություն տրամադրել ոչ միայն երեխաներին, այլ նաեւ մեծահասակներին եւ տարեցներին: «Alzheimer’s Care Armenia» ՀԿ-ն Expper Technologies-ի հետ համատեղ ուսումնասիրել է ռոբոտի օգտագործումը Նորքի ծերանոցում՝ տարեցների բարեկեցության մակարդակը բարելավելու համար։

Մասնագետները հույս ունեն, որ նմանատիպ ռոբոտները կարող են օգտագործվել տարեցների կոգնիտիվ ցուցանիշները բարելավելու, դեպրեսիայի ախտանիշները նվազեցնելու եւ, ի վերջո, կյանքի որակը բարելավելու համար:

Robin the Robot-ը՝ ուշադրության կենտրոնում

National Geographic Kids-ը առաջին ամսագիրը չէր, որը Robin-ի մասին հոդված էր պատրաստել: Time ամսագիրը Robin-ին անվանել էր 2021 թվականի լավագույն նորարարություններից մեկը։ Ռոբոտին անդրադարձել է նաև Forbes-ը, ABC News-ը, Fox News-ը, Discovery-ն և այլ հեղինակավոր ամսագրեր։

news.am