…Հին բան է. հյուրընկալվել էի ընկերոջս: Խաղաղ, ոգեղեն զրույցն ուղեկցվում էր ոգելիցով: Մեկ էլ կինը հայտնվեց: Սկսեց «ծղրտալ»՝ առանց պատճառի, պարզապես անտրամադիր էր: Րոպեական անհեթեթություն: Մի բան դուրը չէր եկել, դժգոհում էր: Ես լինեի, վաղուց հունից դուրս եկած կլինեի: Իսկ ընկերս՝ հանգիստ, լուռ… ծխում է: Կինը շարունակում է, ընկերս՝ լռում: «Լսո՞ւմ ես»,- ասաց կինը, իսկ նա գլուխը շարժեց, բայց ոչինչ չասաց: Կինն այդ ամենից հոգնեց, հեռացավ: Ընկերս ասաց՝ «Ինչի՞ց էինք խոսում, հա՝ Բորխեսից», և զրույցը շարունակվեց, ասես ոչինչ չէր էլ եղել:
Մոտ 20 րոպեից կինը նորից եկավ: Ժպտում էր. «Կարո՞ղ եմ միանալ»: Միացավ: Ասես ուրիշ մեկը լիներ, ասես տեղն ուրիշ մարդ էին բերել, և ոգեղեն զրույցը շարունակեցինք երեքով:
Այդ ժամանակ դեռ չէի ամուսնացել, բայց կարողացա գնահատել իսկական տղամարդու լռության ուժը: Ի՞նչ ավարտ են ունենում նման տեսարանները: Կինը «ծղրտում» է, ճչում, ամուսինը՝ կոպտում, կինն ավելի է բորբոքվում… ամուսինը՝ էլ ավելի է թանձրացնում գույները, դե, լեզվից թույլ է, ավելի լաչառ: Արդյունքում, խոհանոցում ափսեներն օդ են բարձրանում, փշրվում հատակին, հնչում են փոխադարձ մեղադրանքներ՝ «Կյանքս թունավորեցիր» ուղեծրով:
Սկանդալ, որի արդյունքում ընտանիքը հայտնվում է փլուզման եզրին: Կարծում եմ, ապահարզանների 90 տոկոսի հիմքում ամուսնու՝ լեզվից թույլ լինելն է:
Կարողանալ լռել՝ սա է տղամարդու գլխավոր առաքինությունը: Չգիտես ինչու, շատերը հակառակն են դավանում. տղամարդը պետք է լինի ճոռոմախոս և մեծաբանող, «սոխակ»:
Հիմարություն է, քաղաքակրթության և դարաշրջանի աղբը: Սա մի դարաշրջան է, երբ տրուբադուրները, խեղկատակները պաշտամունք են: Երբ իրենց տոնական շաղակրատանքն ասմունք է: Ուշադիր լսեք՝ ինչ են զառանցում: Դե, փաստ է, որ դերասաններն ինտելեկտով չեն փայլում, բայց կերպար ստեղծողներին մենք ենք մարգարեացրել: Հոգով աղքատ ենք, դրանից է:
Գիտեք, շատ եմ փորձել հարցազրույց կազմակերպել Կոնստանտին Ռայկինի հետ: Մերժում է, մերժում է, և էլի մերժում: Վերջապես, մի կին, ով շատ մոտ է Ռայկինի հետ, բացատրեց. «Հասկացեք, նա չի սիրում խոսել: Դա իրենը չէ»: Հազվագյուտ տեսակ, իսկական մուժիկ: Դե, իսկ երբ խոսում է, ասես կրակի: Բաբելին հիշեցի. «Բենյան քչախոս է, բայց խոսելիս՝ «հյութեղ» է, «համով-հոտով»»:
Բեմականացումները, ներկայացումները, դասախոսությունները, վիպագրությունը, այո, տղամարդու վայել գործեր են, բայց ոչ շաղակրատող: Մենք ամեն ինչ խառնել ենք իրար: Տղամարդը նորաոճ մորուք ունեցողը չէ, այլ լռելու արվեստին տիրապետող մարդը:
Այսօր մուժիկը դարձել է քոմեդի-վումեն: Մեծ փորով պոռոտախոս է, որը շտապում է դեպի զանազան թոք-շոուներ, ուր կարելի է անդադար ճչալ: Եթե չեն զանգահարում և քոմենթներ չեն կորզում, ոմանց մոտ ընկճախտ է առաջանում…
Քոմենթների հարցում անկրկնելի են. մի եթերից վազում են մյուսը, անգամ սկսել են արտաքին տեսքին չհետևել, միայն թե խոսեն:
Կուզեք՝ Սիրիայից, պետք լինի՝ Մերիլ Սթրիփից, էթիլային սպիրտից, ինչից կուզեք… Ծիծաղելի են, բայց ինքնահավան: Չեմ զարմանա, եթե պարզվի, որ տանը հայելու առաջ ժանյակավոր շորերով են ման գալիս:
Բոլոր ԶԼՄ-ները շատախոսների ցանկ ունեն, եթե նրանցից որևէ մեկին անգամ գիշերը զանգ տաք, մինչև լույս կխոսեն:
Մաքսիմ Շևչենկոյին ճանաչում եք: Հիմար չէ, կրթված է, սպորտային: Առաջին հայացքից՝ հաճելի տղամարդ է: Բայց նա «դիագնոզ» ունի՝ «խոհանոցային զառանցաբանություն»: Դեբատների ժամանակ տենդային շարժումներով, նյարդային կնոջ պես է իրեն պահում, և ամենակարևորը՝ վերջին խոսքը պետք է իրենը լինի: Հուզիչ է, կանացի: Նայում եմ, ու Արբատի հանրակացարաններից բաբա Վերային եմ հիշում… քննարկումների, վիճաբանությունների մեծ վարպետ էր, իրեն թափ տալով էր խոսում, ճչում, իսկ երբ խոհանոցում մարդ չէր մնում, սպասում էր այնքան, մինչև մեկը հայտնվեր, որ շարունակի… կապ չուներ, թե ում հետ, ինչ թեմայի շուրջ… մեզ ծանոթ Մաքսիմ Լեոնարդովիչի պես…
Շատ կուզեի տեսնել լուռ Մաքսիմ Շևչենկոյին: Երևակայությունս չի հերիքում, որ գոնե պատկերացնեմ: Կնստեի, կհիանայի, ասես Դոնաթելոյի շեդևրին եմ նայում: Սակայն Մաքսիմ Լեոնարդովիչը և նրա պես բոսորագույն շատախոսների լեգեոնը դրա համար չեն լույս աշխարհ եկել: Վերջին խոսքն իրենցն է:
Ինձ թվում է, որ մեր թուլամարմին էլիտան մի մուժիկ ունի՝ Էլվիրա Նաբիուլինան: Ազգի գանձն է, «ռեսպուբլիկայի պարծանքը…»՝ քչախոս, չոր՝ կռու ընկույզ: Թոք-շոուներին չի մասնակցում. այնտեղ իրենց տեղն են զբաղեցնում տարատեսակ ռոգոզինները, ժելեզնյակները, զալդոստանովները և այլ գոզալ-պերճախոսները, ճչում են, ճչում…
Համացանցը վերջնականապես այլասերեց տղամարդկանց: Լռության սրբազան ժանրը կործանվեց: Մարտի նետվեցին ճոռոմախոսները, պարապ-սարապները: Ով առավոտ կանուխ մի բան չի ասել, ուրեմն՝ հարիֆ է:
Սոչիի ինքնաթիռի կործանումից հետո, փոխանակ ձայն չհանեն, տղամարդավարի լռեն, խոսում են, խոսում, գրում են ու գրում… Non-Stop ռեժիմով գրագիրների միտքն ու կարծիքներն անսպառ են: Կատարյալ հիստերիա: Մորուքավոր տիկնայք մարտի են բռնվել, սմայլիկներով համեմված մարտի վերջը չի երևում…
Ի դեպ, իմ լռակյաց ընկերը ոչ մի սոցցանցում գրանցված չէ: Երբ հարցրեցի՝ ինչո՞ւ չես գրանցվում, ասես խելագարի նայեր. «Ի՞նչ եմ այնտեղ կորցրել…»:
Լռել, նշանակում է՝ լինել կամային: Լռությունն ազատություն է: Բայց տղամարդիկ կորցրել են կամքը և ազատությունը: Ինքս հասարակական տրոհման արդյունք եմ: Խոսում եմ, խոսում… Բնական կախվածություն է: Վերբալ թմրամոլություն: Վախենամ՝ անբուժելի: Ոչ մի Ռոյզման չի փրկի:
Հավանաբար, ինչ-որ տեղ դեռ կան թաքնված տաղանդներ, լռելու ունակ տղամարդիկ: Մոհիկաններ են: Կարող է Հեռավոր Հյուսիսում են, կամ Ալթայի լեռներում. լուռ, աշխատող, արևին նայող: Խմում են՝ առանց բաժակաճառերի, սիրում են՝ առանց խոսքերի, մեռնում են՝ առանց բողոքների: Սակայն, իբրև տղամարդու գլխավոր արժեք, մեզնից կարողանում են փրկել իրենց գաղտնի ազատությունը: Նրանք հին քաղաքակրթության մաս են, ուր ամեն ինչ իմաստուն է և ճշմարիտ, ուր կանայք շատախոս են, իսկ տղամարդիկ՝ լուռ:
Ալեքսեյ Բելյակով
snob.ru
Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը