Սակկարայում պեղումների ժամանակ հայտնաբերվել են բազմաթիվ նոր սարկոֆագներ, հնագույն արտեֆակտներ, թաքստոցներ և թունելներ։ Ամենամեծ հայտնագործությունը, թերևս, անհայտ թագուհուն նվիրված եգիպտական տաճարն էր:
Live Science-ի փոխանցմամբ՝ բոլոր հայտնագործությունները կատարվել են Թութանհամոնի լեգենդար գերեզմանից ընդամենը մեկ քայլ հեռավորության վրա։ Գիզայի մերձակայքում գտնվող այս վայրում պեղումները շարունակվում են վերջին երկու տարիներին: Գտնված մնացորդները, ամենայն հավանականությամբ, պատկանում են փարավոնի ամենամոտ խորհրդականներին, ովքեր օգնել են նրան իշխել մ.թ.ա. 1332-1323 թվականներին:
Բացի մումիաներից, գիտնականները հայտնաբերել են 9-18 մետր խորությամբ 22 թունել: Ստորգետնյա ուղիները փոխկապակցված են։ Նրանց կառուցումը կապված է Նոր Թագավորության թաղումների հետ՝ հին եգիպտական պետականության ամենաբարձր ծաղկման դարաշրջանին (մ.թ.ա. 1550-1069 թթ.): Այս հանքերում հնագետները գտան «հսկայական կրաքարե սարկոֆագ»՝ «300 գեղեցիկ դագաղների հետ միասին», որոնցից յուրաքանչյուրը զարդարված էր Մեռելների գրքից տեսարաններով:
«Որոշ դագաղներ ունեն երկու կափարիչ, իսկ ամենահիասքանչ դագաղն ունի կնոջ դիմակ՝ ամբողջությամբ պատրաստված պինդ ոսկուց»,- ասում է հնագետ Զահի Հավասը: Դագաղների և դամբարանների ներսում կան նաև տարբեր արտեֆակտներ, այդ թվում՝ Սենետ սեղանի խաղի պարագաներ, ուշեբթի արձանիկներ, Պտահ-Սոկար-Օսիրիսի աստծո արձաններ և նույնիսկ մետաղյա կացին։ Վերջինս հայտնաբերվել է մարտիկի ձեռքում։
Բացի այդ, հետազոտողները հայտնաբերել են մի բուրգ, որը կառուցվել է թագուհու հիշատակին, որի ինքնությունը նախկինում անհայտ էր: Կարելի էր պարզել, որ նրա անունը Նեյթ է։ Պատմական արձանագրություններում նրա մասին ոչ մի խոսք չկա։
Տեղում հայտնաբերված դագաղների և հնությունների ընտրանին կցուցադրվի Գիզայի բուրգերի Մեծ Եգիպտոսի թանգարանում: Այն նախատեսվում է բացել հանրության համար հաջորդ տարի:
Սիրարփի Աղաբաբյան