2007 թվականին Ալյասկայի մայրաքաղաք Ջունոյի բնակիչները քվեարկել են խմելու ջրի մեջ ֆտորի ավելացումը դադարեցնելու օգտին՝ վախենալով հնարավոր վնասից: Անքորիջի համալսարանի գիտնականները հետեւել են, թե դա ինչ հետեւանքների է հանգեցնում։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են BMC Oral Health-ում:
Առաջին խումբը բաղկացած էր 853 հիվանդներից, որոնք 2003 թվականին կարիեսի բուժում էին անցել։ Նրանք գտնվում էին «օպտիմալ պայմաններում», երբ խմելու ջուրը ֆտորացվում էր։ Երկրորդ խումբը՝ 1052 հիվանդ, կարիեսի բուժում է անցել 2012 թվականին «անբարենպաստ պայմաններում» (ֆտորացումը դադարեցնելուց հինգ տարի անց)։
Հետազոտողները պարզել են, որ առաջին խմբի 6 տարեկանից փոքր երեխաները միջին հաշվով բուժում են կարիեսը եւ դրա հետեւանքները տարեկան 1,55 անգամ, մինչդեռ երկրորդ խմբում այդ ցուցանիշն աճել է մինչեւ 2,52 անգամ: Այսինքն՝ ֆտորացումը դադարեցնելուց հետո երեխաները տարին մեկ անգամ ավելի հաճախ են գնացել ատամնաբույժի մոտ։
«Ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ առանց խմելու ջրի եւ, հետեւաբար, բերանի եւ թքի մեջ ֆտորի օպտիմալ մակարդակի՝ ատամները կարող են ձեւավորվել ավելի թույլ էմալով եւ ի վիճակի չեն վերականգնել ոչնչացման վաղ նշանները»,-բացատրել են հետազոտողները։
Արդյունքները ապացուցում են, որ ջրի ֆտորացումը բուժիչ եւ կանխարգելիչ ազդեցություն ունի։