Նոյեմբերի 21-ին Artemis 1 առաքելության Orion տիեզերանավը հնարավորինս շատ կմոտենա Լուսնին (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Նոյեմբերի 21-ին Artemis 1 առաքելության Orion տիեզերանավը հնարավորինս շատ կմոտենա Լուսնին

NASA-ի Artemis 1 անօդաչու առաքելության շրջանակում այսօր՝ նոյեմբերի 21-ին, Orion տիեզերանավը հնարավորինս շատ կմոտենա Լուսնին, տեղեկացնում է Space.com-ը։

Եթե ամեն ինչ ընթանա նախատեսվածի համաձայն, ապա արևելյան ստանդարտ ժամանակով ժամը 07։44 (Երևանի ժամանակով՝ 16։44) Orion-ը Լուսնին կմոտենա մինչև մոտ 130 կիլոմետր: Այդ մոտեցման ժամանակ պարկուճը կգործարկի իր հիմնական շարժիչը, որը չորս օր անց նրան կուղղորդի դեպի Լուսնի ուղեծիր:

Այսօրվա մանևրը հող է նախապատրաստելու նոյեմբերի 25-ի մեկ այլ կարևոր մանևրի համար, որը Orion տիեզերանավը կհասցնի Լուսնի հեռավոր հետադարձ ուղեծիր: Այս գոտում հայտնվելու շնորհիվ Orion-ը մինչև դեկտեմբերի 1-ը կկարողանա Լուսնին մոտենալ մինչև 64,000 կմ։

Այնուհետև մեկ այլ մանևրի շնորհիվ տիեզերանավը կվերադառնա Երկիր։ Դեկտեմբերի 11-ին Orion-ը մեծ արագությամբ կհատի Երկրի մթնոլորտը և կընկնի Խաղաղ օվկիանոսում՝ ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի մոտ։

Artemis 1 անօդաչու առաքելությունը հաջողությամբ մեկնարկել է նոյեմբերի 16-ին Ֆլորիդայի Քենեդու անվան տիեզերական կենտրոնից։ Այն լուսնային հետազոտական ծրագրի առաջին առաքելությունն է, որի նպատակն է մինչև 2020-ականների վերջը Լուսնի վրա անձնակազմով հետազոտական բազա ստեղծել, ի թիվս այլ նպատակների:

Եթե Artemis 1 առաքելության ընթացքում ամեն ինչ բարեհաջող ընթանա, NASA-ն արդեն կկարողանա պատրաստվել Artemis 2 առաքելությանը, որի շրջանակում արդեն 2024 թ․ տիեզերագնացներ կուղարկի Լուսնի շուրջ ուսումնասիրություններ կատարելու։

2025 թ․ NASA-ն նախատեսում է գործարկել Artemis 3 առաքելությունը, որի շրջանակում արդեն տիեզերագնացները վայրէջք կկատարեն Լուսնի հարավային բևեռի մոտ, որտեղ նախատեսվում է հետազոտական բազա տեղակայել։ 1972թ․ իրականացված Apollo առաքելությունից հետո Artemis 3-ը կլինի առաջին առաքելությունը, որի շրջանակում Լուսնի վրա ոտք կդնի իգական սեռի ներկայացուցիչ, ինչպես նաև առաջին սևամորթ մարդը։

Artemis 1 առաքելության Orion պարկուճը Լուսնի մոտ։ Նկարազարդումը՝ ESA-ի

Artemis 1 առաքելության շրջանակում Orion տիեզերանավն արդեն արել է Լուսնի առաջին տեսագրությունը։ Տեսանյութում, որը նկարահանվել է տիեզերանավի կորպուսի արտաքին կողմում տեղադրված տեսախցիկով, հեռվում երևում է թույլ լուսավորված Լուսինը, իսկ առաջին պլանում երևում է Orion-ի կորպուսի մի մասը։ Տեսանյութն արվել է առաքելության երրորդ օրը՝ նոյեմբերի 19-ին, երբ տիեզերանավն արդեն անցել էր դեպի Լուսին ճանապարհի կեսը։

Orion-ում տիեզերագնացներ չկան, քանի որ օդաչուավոր հաջորդ առաքելությունը դեպի Լուսին նախատեսված է 2025 թ․։ Բայց տիեզերանավի վրա կան որոշ անսպասելի և հետաքրքիր իրեր, այդ թվում՝ երեք մանեկեններ, որոնք հագեցած են 5600 սենսորներով, որպեսզի չափեն ճառագայթման մակարդակը։ Դա փորձագետներին կօգնի հասկանալ, թե որքան վտանգավոր են նման թռիչքները տիեզերագնացների համար: Մանեկեններից մեկը կրում է ճառագայթումից պաշտպանվելու AstroRad բաճկոն:

tech.news.am