Եվրոպական տիեզերական գործակալությունը (ESA) մտադիր է փոխարինել Մարսի ExoMars հետազոտական առաքելության ռուսական բաղադրիչները և փնտրում է տարբերակներ։ Գործակալությունը նաև ակնկալում է առաքելությունն իրականացնել ԱՄՆ գործընկերների հետ համագործակցությամբ:
Գործակալության ղեկավար Յոզեֆ Աշբախերի խոսքով՝ ներկայումս շարունակվում են թռիչքի իրականացման շուրջ համատեղ աշխատելու համար «ամերիկացի ընկերների» հետ բանակցությունները։
«Մենք առաջ գնալու շատ դրական ուղի ենք գտել, ինչը նշանակում է, որ ExoMars առաքելությունների մեծ մասը կիրականացվի եվրոպական տեխնոլոգիայով»,- ասել է նա:
ExoMars առաքելություն
ExoMars-ը Մարսի հետազոտման ծրագիր է Եվրոպական տիեզերական գործակալության և ռուսական Roscosmos-ի համագործակցության շրջանակում։ Ծրագրի հիմնական նպատակը անցյալում և ներկայում Մարսի վրա կյանքի ապացույցների որոնումն է։
Այս ծրագրի շրջանակում իրականացվել է ExoMars-2016 ավտոմատ կառավարվող միջմոլորակային կայանի գործարկումը: Իսկ այս տարի նախատեսվում էր գործարկել ExoMars-2022-ը։
Սակայն 2022 թ․ մարտի 17-ին ռուս-ուկրաինական իրադարձությունների ֆոնին Եվրոպական տիեզերական գործակալությունը կասեցրեց, իսկ հուլիսի 12-ին ամբողջությամբ դադարեցրեց ծրագրի իրականացումը։
Ռուսաստանին դուրս են թողել առաքելությունից
Ինչպես տեղեկացնում է ռուսական «ՏԱՍՍ» գործակալությունը, «Ռոսկոսմոս»-ի գլխավոր տնօրեն Յուրի Բորիսովն ասել է, որ Եվրոպական տիեզերական գործակալությունն ամբողջությամբ հրաժարվել է Մարսի հետազոտման ծրագրի շրջանակում Ռուսաստանի հետ համագործակցելուց։ Նրա կարծիքով՝ նման քայլից չի շահի ո՛չ Եվրոպայի, ո՛չ էլ Ռուսաստանի գիտական հանրությունը։
Ինչպես իրենց հերթին նշել են «Ռոսկոսմոսի» ներկայացուցիչները, Ռուսաստանը կարող է նախագծի իր մասը իրականացնել ազգային մակարդակում կամ բարեկամ երկրների գործընկերների ներգրավմամբ։
Ենթադրվում է, որ ծրագրին առանց Ռուսաստանի մասնակցության, առաքելության շրջանակում մարսագնացի արձակումը դժվար թե հնարավոր լինի կազմակերպել մինչև 2028 թ․։ Փորձագետները չեն բացառում, որ մարսագնացի համար վայրէջքի նոր հարթակը գործարկման համար կարող է պատրաստ լինել 2026 թ․, սակայն դա չափազանց քիչ հավանական է։