Ավստրալիայի արևմտյան ափից 2500 կիլոմետր հեռավորության վրա իրականացված ուսումնասիրության ժամանակ Investigator հետազոտական նավի անձնակազմը 740,000 քառակուսի մետր մակերեսով զարմանալի ստորջրյա արգելոց է հայտնաբերել։ Ուսումնասիրությունները տևել են 35 օր, որի ընթացքում նավն անցել է շուրջ 13000 կմ։ Հայտնաբերվել են մինչ այժմ գիտությանն անհայտ տասնյակ ծովային կենդանիներ։
Ստորջրյա աշխարհը գտնվում է հնագույն հրաբուխների լանջերին, որոնց տարիքը տատանվում է 40-ից 150 միլիոն տարի: Դրանցից ամենամեծը մոտ 5000 մ բարձրությամբ լեռ է, որի մոտակայքում կան ավելի ցածր գագաթներ։ Գիտնականներին հաջողվել է եզակի նմուշներ հավաքել 60-ից 5500 մ խորություններից։ Կենդանի արարածների մոտ երկու երրորդը դեռևս նույնականացված չէ, հնարավոր է, որ մարդիկ առաջին անգամ են տեսնում դրանց:
Գիտնականները կարծում են, որ հայտնաբերել են առնվազն մի քանի բոլորովին նոր տեսակներ, այդ թվում՝ կույր օձաձկներ, թևավոր ոտքերով ձկներ, խեցգետիններ, որոնք սիմբիոզ են կազմում փափուկ կորալների հետ:
Կենսաբանական նյութերը կփոխանցվեն մասնագետներին, ովքեր ԴՆԹ-ի միջոցով կնույնականացնեն հայտնաբերված կենդանիներին։ Ներկայումս գիտնականների թիմը քարտեզագրում է ստորջրյա արգելոցի տարածքը, որից հետո Investigator հետազոտական նավի թիմը կշարունակի ուսումնասիրությունները։