Նկատել ենք, որ Հայաստանում շատ մարդիկ կան, որոնք ուղղակի վախենում են ավանդական ուղղագրությունից և գրաբարից (սա հին հայերենն է)։ Նույնիսկ գրագետ մարդիկ հաճախ պարզապես անճարակ են դառնում, երբ գրաբարյան մի թևավոր խոսք են տեսնում. անգամ կարդալ չեն կարողանում (հասկանալու մասին լռենք)։
Այնինչ այնքան էլ բարդ խնդիր չէ։ Այժմ քայլ առ քայլ կծանոթանանք գրաբար կարդալու կանոններին։ Ասենք նաև, որ գրաբար խոսքի պարագայում ուղղագրությունը չպիտի փոխել. այն պիտի լինի դասական ձևով։
Ասույթների միջոցով անդրադառնանք գրաբար գրվածը ճիշտ կարդալու 10 դեպքի։
- Դպրոցների մուտքի վերևում, պատերին կամ վահանակների վրա հաճախ ենք տեսնում հայերեն գրված առաջին նախադասությունը, որը Մեսրոպ Մաշտոցը թարգմանել է Աստվածաշնչի Առակաց գրքից՝ «Ճանաչել զիմաստութիւն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ» (Ճանաչել իմաստությունը և խրատը, իմանալ հանճարի խոսքերը):
- Զ նախդիրը հաջորդող բաղաձայնից առաջ ըզ է կարդացվում։ Այսպես՝ զխրատ [ըզխրատ], զբանս [ըզբանս]:
Իսկ ձայնավորի հետ զ-ն միաձույլ է արտասանվում, բնականաբար, առանց ը-ի։ Այսպես՝ զորդին [զօրդին]:
- Բաղաձայնից առաջ իւ-ը (ի+վյուն) յու է կարդացվում: Այսպես՝ զիմաստութիւն [զիմաստություն], արիւն [արյուն]:
- Բառավերջի ա-ից և ո-ից հետո գրված յ-ն չի կարդացվում: Այսպես՝ հանճարոյ [հանճարո], տղայ [տղա]: Իհարկե, կան բացառություններ՝ հայ, գոյ, խոյ, Նոյ:
- Երբ բաղաձայնով վերջացող բառը ս, դ կամ ն մասնիկ ունի, դրանցից առաջ ը է արտասանվում: Այսպես՝ զբանս [ըզբանըս], Ձերդ [ձերըդ, այստեղից էլ՝ Ձերդ գերազանցութիւն], զքաղաքն [ըզքաղաքըն]:
- Ս, դ, ն հոդերից, հոգնակի ուղղականի ք և հայցականի ս մասնիկներից առաջ իւ-ը իվ է կարդացվում: Այսպես՝ հովիւ – հովիւս [հովիվըս], հովիւդ [հովիվըդ], հովիւն [հովիվըն], հովիւք [հովիվք], զհովիւս [ըզհովիվըս]։
- Տարածված թևավոր խոսք կա, որը գործածում ենք, երբ մեկն իր միջավայրում ըստ արժանվույն չի գնահատվում։ Այն հենց գրաբար էլ գործածում ենք (գրում և ասում)՝ Մարգարէյիւրումգաւառիպատիւոչունի(Մարգարեն իր գավառում պատիվ չունի): Ինչպե՞ս կարդալ կամ ասել։
- Բառասկզբում՝ ձայնավորից առաջ, յ-ն հ է կարդացվում: Այսպես՝ յանուն [հանուն], յերկինս [հերկինըս], յիւրում [հյուրում]: Այդպես է նաև ղ-ից առաջ՝ յղանամ [հղանամ], յղեմ [հղեմ]:
- Ւ (ւ) տառը (անունն է վյուն / հյուն) ա, ե, ի ձայնավորներից և որևէ բաղաձայնից հետո կարդացվում է վ: Այսպես՝ գաւառ [գավառ], պատիւ [պատիվ], հոգւոյ [հոգվո]:
- Եղիշե պատմիչից (V դար) մեզ է հասել մի ասույթ, որը գնահատում է ուսումը, կրթությունը՝Կոյրզրկիիճառագայթիցարեգական, ևտգիտութիւնզրկիիկատարեալկենաց (Կույրը զրկվում է արեգակի ճառագայթներից, իսկ տգետը՝ կատարյալ կյանքից):
- Բաղաձայնից առաջ՝ փակ վանկում, ոյ-ը կարդացվում է ույ: Այսպես՝ լոյս [լույս], յոյս [հույս]:
Ն հոդից առաջ ոյ-ով վերջացող սակավաթիվ բառերը օյ-ով են կարդացվում, ինչպես՝ Նոյն [Նոյըն] (= Նոյը), զխոյն [ըզխոյըն], գոյն [գոյ նշանակում է «ինչ որ կա, գոյություն ունի». գոյըն]։
- Եա-ն յա է կարդացվում: Այսպես՝ մատեան [մատյան], յաւիտեան [հավիտյան], Մամիկոնեան [Մամիկոնյան]:
- Անցյալում ուսուցման ընթացքումանհնազանդ աշակերտներին պատժում էին, հաճախ շատ խիստ, մարմնական ցավ պատճառելով։ Վստահ էին, որ դա օգնում է։ Այս ասույթը դրա մասին է՝ Որոչլսէունկամբ, լուիցէթիկամբ (Ով չի լսում ականջով, կլսի թիկունքով):
- Ու-ն ձայնավորից առաջ վ է կարդացվում: Այսպես՝ լուիցէ [լվիցե], պատուարժան [պատվարժան], Երուանդ [Երվանդ]:
Իսկ հիմա բարձրաձայն (և վստահ) կարդանք հետևյալ ասույթները.
- Ամենայն չարիք մտանեն ի միտս մարդոյ յանուսումնութենէ։
- Ոչ է բարւոք առնուլ զհաց ի մանկանց եւ արկանել շանց։
- Վկայութիւն իմ ճշմարիտ է, զի գիտեմ ուստի եկի եւ յո երթամ։
Դավիթ Գյուրջինյան