Ճարպակալումը վատացնում է կոգնիտիվ ֆունկցիաները՝ ուղեղը 10 տարով ծերացնելով. NMH
Advertisement 1000 x 90

Ճարպակալումը վատացնում է կոգնիտիվ ֆունկցիաները՝ ուղեղը 10 տարով ծերացնելով. NMH

Չինացի գիտնականները Հոնկոնգի պոլիտեխնիկական համալսարանից բացահայտել են ճարպակալման երկարաժամկետ ազդեցությունն ուղեղի առողջության վրա։ Պարզվել է, որ ավելորդ քաշը հրահրում է ուղեղի բջիջների արագ ծերացում։ Հետազոտությունը հրապարակվել է Nature Mental Health (NMH) գիտական ամսագրում։
Թիմն ուսումնասիրել է 500 հազար մասնակիցների տվյալները՝ առանձնացնելով միջին եւ տարեց հասակի մարդկանց մարմնի զանգվածի փոփոխությունների հինգ հետագծեր։

Առավել տագնապալի արդյունքներ ունեցել են կայուն եւ զարգացող ճարպակալում ունեցող խմբերը։ Նման մասնակիցների մոտ հայտնաբերվել են ուղեղի կառուցվածքային փոփոխություններ. սկզբում տուժել են ճակատի եւ լիմբիկ գոտիները (որոնք պատասխանատու են որոշումների ընդունման եւ հույզերի համար), հետո խախտումները տարածվել են գագաթամասի եւ քունքային գոտիներում։

Ծանր դեպքերում նկատվել է կոգնիտիվ ֆունկցիաների նվազում, որը համադրելի է ուղեղի 5-10 տարվա ծերացման հետ։

Հետաքրքիր է, որ քաշն իջեցնել կարողացող մարդիկ («մարող հետագծի» խումբ) ցուցադրել են նվազագույն բացասական հետեւանքներ։ Դա հաստատում է այն վարկածը, որ ճարպակալման ժամանակին վերահսկումը կարող է պաշտպանել ուղեղը։

«Առողջ քաշի պահպանումը պարզապես ֆիզիկական ձեւի հարց չէ, այլեւ միջոց պահպանելու մտածողության պարզությունը տարեց հասակում»,- ընդգծել է գիտական աշխատանքի ղեկավար, պրոֆեսոր Անցի Ցյուն։

Գիտնականները նախատեսում են շարունակել հետազոտությունները, որպեսզի պարզեն կենսաբանական այն մեխանիզմները, որոնք կապում են մետաբոլիզմն ու նեյրոդեգեներատիվ պրոցեսները։