Աշխարհահռչակ ամերիկացի գրող Սթիվեն Քինգը և նրա որդին ու համահեղինակը՝ Օուենը, առաջին անգամ կներկայացնեն «Քնած գեղեցկուհիները» (Sleeping Beauties) առաջին համատեղ գիրքը մայիսի վերջին – հունիսի սկզբին Նյու Յորքում կայանալիք BookExpo գրքի խոշորագույն ցուցահանդեսում:
Ինչպես հայտնել է ցուցահանդեսի գործադիր տնօրեն Բրայան ՄակԴոնալդը, գրական նշանավոր դեմքերի հետ այդ հանդիպումները «գրավում են հազարավոր մարդկանց, որոնք հետաքրքրված են իմանալու նոր գրքերի մասին և հաղորդակցվելու ամենահայտնի հեղինակների հետ»:
Ծնունդով Փորթլենդից (Մենի նահանգ) 69-ամյա Սթիվեն Քինգն ավելի քան 50 վեպերի հեղինակ է, որոնք վաճառվել են գրեթե 350 միլիոն օրինակ տպաքանակով: 1970-ական թվականների կեսերին հրապարակվեց նրա առաջին վեպը՝ «Քերին», որին հետևեց «Ճաճանչ» վեպը, որը նրան բերեց առաջին հռչակը, այնուհետև Ռիչարդ Բահման կեղծանունով լույս տեսան «Ցասում», «Երկարատև զբոսանք», «Ճանապարհային աշխատանքներ», «Վազող մարդը» վեպերը: Իր վերջին գործը՝ «Սրտերն սպասում են» 373-էջանոց գիրքը, վիպասանը Մենի նահանգի համալսարանում ներկայացրել է անցյա լ տարվա նոյեմբերին:
Նրա որդին՝ Օուենը, «Կրկնակի արկած» վեպի և «Դրան խառն են բոլորը. նովել և պատմվածքներ»-ի հեղինակն է, ինչպես նաև «Այլմոլորակային ներխուժման նախաբան» վեպի համահեղինակը: «Քնած գեղեցկուհիներ» վեպը նրա առաջին համատեղ աշխատանք է հոր հետ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: