Հոգնածությունն ու դեպրեսիան կարող են քաղցկեղի պատճառ դառնալ 
Advertisement 1000 x 90

Հոգնածությունն ու դեպրեսիան կարող են քաղցկեղի պատճառ դառնալ 

Երկարատեւ սթրեսը եւ դեպրեսիան, հնարավոր է, կարող են քաղցկեղ առաջացնել ոչ միայն մկների, այլեւ մարդկանց մոտ, պարզել են Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի սիբիրյան բաժանմունքի ցիտոլոգիայի եւ գենետիկայի ինստիտուտի գիտնականները:

Ենթադրվում է, որ քաղցկեղն առաջանում է այն ժամանակ, երբ մարմնի որոշակի հատվածում կուտակվում են սխալ գենետիկ տեղեկատվություն ունեցող բջիջներ: Առողջ իմունային համակարգը սովորաբար հաջողությամբ հաղթահարում է դրանք։

Ռիսկի գործոններից են անբարենպաստ միջավայրը, վատ սննդակարգը, վատ սովորությունները, վարակիչ հիվանդությունները։ Եվ քրոնիկ սթրեսը, որի ժամանակ փոխվում է նյութափոխանակությունը, կրճատում է տելոմերների երկարությունը, բարձրանում է ադրենալինի, նորադրենալինի եւ կորտիզոլի մակարդակը, որոնք ազդում են բազմաթիվ օրգանների, այդ թվում՝ իմունային համակարգի վրա։

Հետազոտությունները ցույց են տվել, որ սթրեսի հորմոնները կարող են բացասաբար ազդել ցիկլոօքսիգենազ-2-ի՝ բորբոքում ձեւավորող ֆերմենտի վրա, որը քաղցկեղի որոշ տեսակների նախորդն է: Սթրեսի ժամանակ մակերիկամները ավելի շատ նորադրենալին եւ կորտիզոլ են արտադրում: Այս երկու հորմոններն էլ ազդում են նեյտրոֆիլների՝ իմունային համակարգի բջիջների վրա, որոնք արտազատում են հատուկ սպիտակուցներ, որոնք «արթնացնում են» ուռուցքային բջիջները։ Կան ապացույցներ, որ տղամարդկանց մոտ, որոնք արյան ճնշումը իջեցնելու համար ընդունում են ադրենալինի ընկալիչների բլոկատորներ, շագանակագեղձի  քաղցկեղի դեպքերը 50 տոկոսով ցածր են:

Իհարկե, դա չի նշանակում, որ յուրաքանչյուր ոք, ով դժվար հուզական պահեր է վերապրում, անպայման քաղցկեղով հիվանդանալու է: Ռիսկի տակ են նրանք, ովքեր դժվար մանկություն են ունեցել:

Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ցիտոլոգիայի եւ գենետիկայի ինստիտուտում արդեն մի քանի տարի է՝ մկների վրա հետազոտություններ են անցկացնում՝ ուսումնասիրելով սթրեսի եւ ուռուցքաբանական հիվանդությունների զարգացման ռիսկի միջեւ կապը: Պարզվել է, որ քրոնիկ սթրեսը խախտում է իմունիտետը, արագացնում չարորակ գոյացությունների մետաստազները։ Ավելին, հոգեէմոցիոնալ վիճակի նորմալ վերադարձը հաճախ ավելի արդյունավետ է, քան իմունային համակարգի ուղղակի ակտիվացման միջոցները։

Գիտնականները կենտրոնացել են հիպոթալամուսի՝ ուղեղի այն հատվածի վրա, որը ներգրավված է վարքային, իմունային եւ նեյրոէնդոկրին գործընթացների շղթայում: Քաղցկեղի նկատմամբ նախատրամադրվածություն ունեցող կենդանիների մոտ քաղցկեղածնության մեջ ներգրավված գեների ակտիվությունն աճել է։ Այսինքն, հավանական է, որ քրոնիկ սթրեսի հետ կապված ուռուցքի ռիսկը դրվում է ուղեղի գենոմային մակարդակում:

Սթրեսի հորմոնների ազդեցությունը իմունային համակարգի վրա ապացուցված է, բայց իրական կենսաբանական պատկերը, ամենայն հավանականությամբ, շատ ավելի բարդ է:

news.am