Երևանի պետական բժշկական համալսարանի ընդհանուր բժշկության ֆակուլտետի ուսանողները 2022թ․ հոկտեմբերի 20-23-ը մասնակցել են Ինդոնեզիայում կայացած Երիտասարդ գիտնականների գիտահետազոտական աշխատանքների միջազգային մրցույթին /International Researcher Competition for Young Scientist, IRCYS2022/ և ստացել Գերազանցության մրցանակ:
«Հերացի» ավագ դպրոցի շրջանավարտներ, այժմ արդեն ԵՊԲՀ 1-ին կուրսի ուսանողներ Մհեր Սարաֆյանը, Մանե Կուրղինյանը և 3-րդ կուրսի ուսանող Մհեր Կուրղինյանը կենսաբանության ուսուցիչ Ռուբինա Հարությունյանի ղեկավարությամբ ներկայացրել են իրենց հետազոտական 2 ծրագրերը, որոնք կատարվել են ՀՀ գիտահետազոտական հիմնարկների հետ համագործակցությամբ:
Երիտասարդ գիտնականների գիտահետազոտական աշխատանքների միջազգային մրցույթին ներկայացված առաջին նախագիծը՝ «EcoProtein; Single cell protein production as a way of recycling fruit and vegetable wastes» թեմայի հետազոտությունը, կատարվել է ԵՊՀ Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոնում: Երկրորդ հետազոտական աշխատանքը՝ «The influence of Wi-Fi Rays on Human Cell cultures; The difference between cancer and non-cancer cells»-ը, իրականացվել է Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտում:
Հեղինակավոր մրցույթին մասնակցել է ավելի քան 1000 թիմ 5 մայրցամաքից, որոնցից եզրափակիչ փուլ է անցել 50 թիմ: Հայաստանի ուսանողների ներկայացրած երկու աշխատանքներն էլ արժանացել են ժյուրիի բարձր գնահատականին՝ Գերազանցության մրցանակի /Excellence Award/՝ ստանալով երաշխավորություն՝ տպագրվելու Ինդոնեզիայի գիտական խորհրդի ամսագրում /Journal of Indonesia Scientific Society, JISS/:
ԵՊԲՀ ուսանող Մանե Կուրղինյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ ներկայացրել են 2 գիտական ծրագիր, և ստանալով գերազանցության մրցանակ, նախ մեծ ուրախություն են ապրել, և, իհարկե, այն իրենց կոգևորի ավելի մեծ եռանդով շարունակել հետազոտությունները և բարելավել դրանք։ Մրցանակը, նրա խոսքով, որպես առավելություն՝ մեծ հնարավորություն կտա ապագայում գիտական շատ հաստատություններ և մրցույթների դիմելու համար:
Խոսելով ներկայացրած նախագծերի մասին՝ Մանե Կուրղինյանը մանրամասնեց. «Մեր 1-ին նախագիծը (“EcoProtein: “Single cell protein” production as a way of recycling fruit and vegetable wastes”, որն իրականացվել Երևանի պետական համալսարանի Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոնում) ունի էկոլոգիական նշանակություն, և լուծում է օրգանական թափոնների խնդիրը՝ ստանալով ավելի սննդարար նյութ՝ «Էկոպրոտեին», որը նաև գնային առումով մատչելի է։ Կօգտագործվի գյուղատնտեսության մեջ։ Հետագայում ցանկանում ենք զարգացնել փորձերը՝ ավելի ճշգրիտ և լավ արդյունքներ ստանալու համար։
Իսկ երկրորդ նախագիծը (“The Influence of Wi-Fi Rays on Human Cell Cultures: The Difference Between Cancer and Non-cancer Cells”, իրականացվել է Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտում) շատ արդի թեմա է, վերաբերում է WiFi-ի ճառագայթների ազդեցությանը մեր բջիջների վրա: Պետք է նշել, որ երկրորդ նախագծում մարդկային բջիջների վրա մեր կատարած 4 հետազոտությունների արդյունքներից հետևում է, որ օրգանիզմից դուրս գտնվող (in vitro) մարդկային բջիջների վրա այն ունի քաղցկեղածին ազդեցություն։ Փորձերի արդյունքները ցույց են տվել բջիջների մոտ գենետիկական նյութի (ԴՆԹ-ի) վնասումներ, ֆերմենտների աշխատանքի և մի շարք ֆունկցիոնալ խանգարումներ»:
Մանե Կուրղինյանի փոխանցմամբ՝ կա շատ մեծ հեռանկար այս հետազոտությունը խորացնելու, մեթոդներն ավելացնելու և ավելի ճշգրիտ արդյունքներ ստանալու համար։
«Մենք ամենուրեք շրջապատված ենք WiFi-ի ճառագայթներով, հետևաբար՝ պետք է հասկանանք դրա ռիսկերը և փորձենք գտնել դրա վնասակար ազդեցությունը իջեցնելու մեթոդներ»,- եզրափակեց մեր զրուցակիցը:
Անի Կարապետյան