Կաթով սուրճը հակաբորբոքային ազդեցություն ունի օրգանիզմի վրա: Այս մասին ասվում է Կոպենհագենի համալսարանի գիտնականների հոդվածում, որը հրապարակվել է The Journal of Agricultural and Food Chemistry ամսագրում:
Ամեն անգամ, երբ բակտերիաները, վիրուսները եւ այլ օտարածին նյութեր ներթափանցում են օրգանիզմ, իմունային համակարգը արձագանքում է՝ օգտագործելով լեյկոցիտներ եւ տարբեր քիմիական նյութեր՝ պաշտպանության համար, ինչը բորբոքում է առաջացնում: Բացի այդ, բորբոքման պատճառ կարող է դառնալ օքսիդատիվ սթրեսը՝ թթվածնի օքսիդացման արդյունքում բջիջների վնասումը։ Հայտնի է, որ պոլիֆենոլներն օգտակար են մարդկանց համար, քանի որ դրանք օգնում են նվազեցնել օքսիդատիվ սթրեսը:
«Երբ պոլիֆենոլն արձագանքում է ամինաթթվի հետ, իմունային բջիջներում բորբոքման վրա նրա արգելակող ազդեցությունը մեծանում է: Մենք փորձ կատարեցինք իմունային բջիջների վրա, որոնք մշակվում էին պոլիֆենոլների եւ ամինաթթուների համադրությամբ: Պարզվել է, որ դրանք երկու անգամ ավելի արդյունավետ են պայքարում բորբոքման դեմ, քան այն բջիջները, որոնց միայն պոլիֆենոլներ են ավելացվել»,-նշել են հետազոտողները։
Սուրճի հատիկները պարունակում են մեծ քանակությամբ պոլիֆենոլներ, իսկ կաթը հարուստ է սպիտակուցներով։ Ուստի գիտնականները եկել են այն եզրակացության, որ այդ բաղադրիչների պարունակությամբ ըմպելիքները բարենպաստ ազդեցություն են ունենում իմունիտետի վրա։