Հոլիվուդյան օսկարակիր դերասան Ջորջ Քլունին և նրա կինը` փաստաբան Ամալ Քլունին, հունիսին երկվորյակ են ունենալու: Այս մասին տեղեկացնում է ABC News-ը:
Հեռուստահաղորդավար Ջուլի Չենը CBS հեռուստաընկերությամբ հեռարձակվող հաղորդման ժամանակ հայտնել է, որ Բեյոնսեն և Ջեյ-Զին միակ զույգը չեն, որ երկվորյակի են սպասում: «Շնորհավորանքների հերթը Ջորջ և Ամալ Քլունիներինն է»,- նշել է նա:
Անանուն աղբյուրը InTouch-ին հայտնել է, որ Քլունիներն անակնկալի են եկել՝ իմանալով, որ միանգամից երկու երեխա են ունենալու: «Երբ Ջորջն ու Ամալը պարզեցին, որ երկվորյակի են սպասում, նրանք զարմացած էին, ինչպես նաև փոքր-ինչ վախեցած, քանի որ երկուսն էլ ասում էին, որ մեկը բավական է: Սակայն լուրն այն մասին, որ երեխաները տղա և աղջիկ են, նրանց իսկապես երջանկացրեց: Նրանք չէին հավատում, որ ընդամենը մի քանի ամսից երկու երեխա են ունենալու»,- ասել է աղբյուրը:
Քլունիի ընկեր, հոլիվուդյան դերասան Մեթ Դեյմոնը հաստատել է լուրը Entertainment Weekly-ին տված հարցազրույցում: «Ես նախորդ աշուն աշխատում էի նրա հետ, երբ նա հայտնեց ինձ դրա մասին և ես գրեթե սկսեցի լաց լինել: Այնքան ուրախ էի նրա համար: Ես հարցրեցի, թե որքան մեծ է, նա ասաց` ութ շաբաթական: Ես շատ ոգևորված եմ նրա համար: Ամալը հոյակապ է: Ջորջ Քլունին ջեք-փոթ է շահել ամեն մակարդակում: Ամալը հիասքանչ կին է: Նրանք հիանալի ծնողներ են լինելու, իսկ երեխաները` շատ բախտավոր»,- ասել է Մեթ Դեյմոնը:
Երկվորյակները 2014 թվականին ամուսնացած Ջորջ և Ամալ Քլունիների առաջին զավակներն են: