Երկիր մոլորակն սկսել է անոմալ կերպով արագ պտտվել․ ո՞րն է պատճառը
Advertisement 1000 x 90

Երկիր մոլորակն սկսել է անոմալ կերպով արագ պտտվել․ ո՞րն է պատճառը

Իր առանցքի շուրջ Երկրի պտտման արագությունը վերջին տարիներին անոմալ կերպով մեծանում է և այդ էֆեկտը փոխհատուցելու համար մինչև 2028 թ․ մեկ վայրկյան պետք է հանվի օրվա հաշվարկից, РИА Новости-ին ասել է Ֆիզիկական, տեխնիկական և ռադիոտեխնիկական չափումների համառուսական գիտահետազոտական ​​ինստիտուտի առաջադեմ հետազոտությունների և ժամանակի ու հաճախականության չափումների բաժնի գլխավոր գիտաշխատող Վիտալի Պալչիկովը։

«[Երկրի] միջուկի իներցիայի պահի փոփոխությունների հետ կապված վարկածը հնարավոր վարկածներից մեկն է, որը բացատրում է Երկրի պտտման արագացման ազդեցությունը ․․․ Մեկ վայրկյանի հանումը տեղի կունենա, ըստ գիտնականների, 2028 թ․»,- ասել է Պալչիկովը։

Նա պարզաբանել է, որ այժմ Երկրի պտույտի արագացման համար սպառիչ բացատրություն գիտնականները չունեն։ Սակայն նա վստահություն է հայտնել, որ այս երևույթին բացատրություն, երբևէ, կտրվի։

Գիտնականը նաև նշել է, որ ըստ մեկ այլ վարկածի՝ տեղումների անոմալ քանակը հանգեցնում է Երկրի պտույտի արագացման, իսկ տեղումների գոլորշիացումը, ընդհակառակը, հանգեցնում է պտտման դանդաղեցման: Սակայն այդ ազդեցությունները միմյանց չեն փոխհատուցում։

Վիտալի Պալչիկովը նաև նշել է, որ Երկրի պտույտի արագացման հետևանքներից մեկն այն էր, որ 2022 թ․ հունիսի 29-ը դարձել է պատմության մեջ ամենակարճ օրը։ Պալչիկովի խոսքով՝ Երկրի պտտման արագացումը անոմալ է, և մինչև վերջերս մեր մոլորակի պտույտը դանդաղում էր։ Երկրի պտտման արագության նվազումը փոխհատուցելու համար 1970-ական թվականներից ի վեր շտկումների շրջանակում ներմուծվեց լրացուցիչ 37 վայրկյան։

Վերջերս Պեկինի համալսարանի SinoProbe Lab լաբորատորիայի չինացի գիտնականները հայտարարել էին, որ Երկրի միջուկը գրեթե դադարել է պտտվել և շուտով կարող է սկսել հակառակ ուղղությամբ պտտվել։ Nature Geoscience ամսագրում հրապարակված հոդվածում չինացի գիտնականները նշել էին, որ Երկրի միջուկը կանգ է առնում և ուղղությունը փոխում պարբերական ցիկլով, որը տևում է 60-70 տարի։

Գիտնականները պարզաբանել էին, որ Երկրի միջուկի պտտման ուղղության պարբերական փոփոխությունը դրա «վարքագծի» նորմալ մասն է կազմում, և մոլորակի վրա կյանքի համար վտանգ չի ներկայացնում։

Vice պարբերականը նշել էր, որ այս հայտնագործությունը, եթե վերջնականապես հաստատվի, կարող է վերջ դնել կլիմայի և երկրաբանական երևույթների հետ կապված վաղեմի առեղծվածներին, որոնք տեղի են ունենում նմանատիպ ժամկետներում և ազդեցություն թողնում մեր մոլորակի վրա գոյություն ունեցող կյանքի վրա։

news.am