Այս օրերին Հայաստանում նկարահանվում է «Հոթել Գագարին» կատակերգական ֆիլմը, որը նկարահանում է իտալացի ռեժիսոր Սիմոնե Սպադան: Իտալական կողմից ֆիլմի պրոդյուսերն է Lotus Production–ը՝ Մառկո Բելարդիի գլխավորությամբ: Հայկական կողմից ներգրավված են Պանարմենիան Մեդիա Գրուպը՝ ի դեմս գլխավոր պրոդյուսեր Հրաչյա Քեշիշյանի:
Ավելի քան 1 ամիս է, ինչ ֆիլմի նկարահանումների համար Հայաստանում են իտալիացի հայտնի դերասաններ Կլաուդիո Ամենդոլան, Լուկա Արջենտերոն, Ջուզեպե Բատիստոնը, Բաբուլովա Բարբորան, Դ’ամիկո Սիլվիան, Շհուլա Կատերինան և այլք: Երեկ ֆիլմի ստեղծագործական կազմի համար կազմակերպվել էր ընդունելություն, որի հետաքրքիր պահերը ֆիքսել է Tert.am Life-ը:
Հրաչ Քեշիշյանը մեզ հետ զրույցում ասաց, որ այս անգամ ներգրավված է միայն որպես հայկական կողմի պրոդյուսեր, ոչ որպես ռեժիսոր: «Lotus Production–ի հետ ֆիլմ նկարահանելու բանակցությունները սկսել ենք դեռևս 2 տարի առաջ: Նախորդ տարի այս օրերին նրանք առաջին անգամ այցելեցին Հայաստան՝ հասկանալու՝ ինչպիսին է մեր երկիրը ձմռանը: 1 տարվա ինտենսիվ աշխատանքներից հետո, 2017-ի սկզբից սկսեցինք նկարահանումները: Աշխատանքները սկսել ենք հունվարի 2-ից, թեև հայկական իրականության մեջ շատ դժվար է Ամանորի սեղաններից մարդկանց կտրել ու բերել աշխատանքի, մեզ մոտ ստացվեց»,- ասաց նա:
Ֆիլմի ռեժիսոր Սիմոնե Սպադան էլ նշեց, որ շատ հետաքրքրված էր Հայաստանով և ուզում էր ֆիլմում պատկերներ ունենալ Հայաստանից: «Այս երկիրը լավ չէի ճանաչում, բայց գիտեի, որ տեսակային շատ նմանություններ կան հայերի և իտալացիների միջև: Ուզում էի ցույց տալ Հայաստանը: Բացի այդ՝ ցանկությունս էր նկարահանումներն իրականացնել այնպիսի երկրում, որն ունի մեծ ու կարևոր պատմություն: Ֆիլմի հերոսները կատակերգական կերպարներ են, սակայն ուզում էի նրանք ճանաչեն և շփվեն մշակույթի հետ»,- շեշտեց ռեժիսորը:
Ֆիլմում նկարահանվել են նաև Հովհաննես Ազոյանը, Մարջան Ավետիսյանը, Վարդան Հովսեփյանը և այլք: «Դերասաններին իրենք են ընտրել՝ մեր քասթինգ մենեջերների օգնությամբ: Հովհաննես Ազոյանին ռեժիսորը հանդիպեց մի երեկույթի ժամանակ, ես իրենց ծանոթացրի, շփվեցին: Սիմոնեն միանգամից ասաց՝ էս տղան պետք է լինի իմ ֆիլմում: Մարջան Ավետիսյանին ես եմ ներկայացրել, ռեժիսորը շատ արագ ընտրել է նրան: Մասսայական տեսարանների համար ռեժիսորը շատերին ընտրել է Գեղարքունիքի մարզից: Նա ուզում էր կադրում ունենալ հայ մարդկանց, որոնք դերասաններ չեն»,- ասաց Հրաչը:
Հրաչ Քեշիշյանից հետաքրքրվեցինք՝ որքանո՞վ ֆիլմը կհիշեցնի մեզ քաջածանոթ «Իտալացիների անհավանական արկածները Ռուսաստանում» կինոնկարը. «Միգուցե և հիշեցնի, քանի որ 5-6 իտալացի հայտնվում են Հայաստանում և անհավանական իրավիճակների մեջ ընկնում»:
Ֆիլմի նկարահանումները կավարտվեն փետրվարի 14-ին, այն էկրան կբարձրանա տարեվերջին:
Ամբողջությամբ՝ life.tert.am