ChatGPT-ի ստեղծողը տարիների ընթացում ներդրումներ է արել մի շարք ընկերություններում՝ Ալեքսիս Օհանյանի Reddit-ից մինչև Իլոն Մասկի Neuralink
Advertisement 1000 x 90

ChatGPT-ի ստեղծողը տարիների ընթացում ներդրումներ է արել մի շարք ընկերություններում՝ Ալեքսիս Օհանյանի Reddit-ից մինչև Իլոն Մասկի Neuralink

Արհեստական բանականությամբ աշխատող ChatGPT-ի ստեղծող OpenAI ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Սեմ Ալթմանը իր գործունեության ընթացքում ներդրումներ է կատարել տեխնոլոգիական և էներգետիկ ոլորտի բազմաթիվ ընկերություններում:

Ինչպես տեղեկացնում է Businessinsider-ը, նա առաջատար ներդրող է եղել այնպիսի ընկերություններում, ինչպիսիք են Ալեքսիս Օհանյանի համահիմնադրած Reddit-ը, ինչպես նաև Helion Energy-ն, Asana-ն: Սեմ Ալթմանը նաև ներդրումներ է կատարել OpenAI-ի համահիմնադիր Իլոն Մասկին պատկանող Neuralink-ում, որը մարդու ուղեղում տեղադրվող չիպեր է պատրաստում։

Reddit

Ըստ PitchBook-ի՝ Սեմ Ալթմանը գլխավորել է Reddit-ի B փուլի ներդրումը, որի շրջանակում ընկերությունը $50 մլն է ներգրավել: Նա նաև ներդրումներ է կատարել Reddit-ի C փուլում 2017 թ․ հուլիսին։

Reddit-ը քննարկումների և նորությունների տարածման կայք է, որտեղ օգտատերերը կարող են քվեարկել: Reddit-ը հիմնել են Ալեքսիս Օհանյանը, Աարոն Շվարցը և Սթիվ Հաֆմանը։ Ալթմանը յոթ տարի եղել է Reddit-ի տնօրենների խորհրդի անդամ և հեռացել է 2022 թ․ հունվարին:

Neuralink

2021 թ․ հուլիսին Ալթմանը եղել է նաև Neuralink-ի C փուլի ներդրող: Neuralink-ը Իլոն Մասկի ընկերությունն է, որը մշակում է չիպեր, որպեսզի դրանք դրվեն մարդու ուղեղում՝ ինսուլտի հետևանքները հնարավորինս մեղմելու համար։ Մասկն ասել է, որ այդ տեխնոլոգիայի շնորհիվ այդ մարդիկ կկարողանան հաղորդակցվել և իրենց մտքերն արտահայտել համակարգչի միջոցով։

Իլոն Մասկն ընկերությունը հիմնադրել է 2016 թ․, սակայն դա գաղտնի էր պահվում, և դրա մասին հայտնի է դարձել միայն 2017 թ․՝ The Wall Street Journal-ի հրապարակումից հետո։ Ընկերությունն իր տեխնոլոգիան ցուցադրել է խոզերի և կապիկների վրա:

Lattice

Ըստ PitchBook-ի՝ 2016 թ․ մայիսին Սեմ Ալթմանը Lattice-ի սաղմնային փուլի ներկրող է եղել:

Lattice-ը համահիմնադրել է և ղեկավարում է Ալթմանի եղբայրը՝ Ջեք Ալթմանը: Այն աշխատակիցների կառավարման հարթակ է տարբեր ընկերությունների մարդկանց թիմերի համար, որպեսզի բարելավի աշխատողների կատարողականությունը, ներգրավվածությունը և նպատակադրումը:

Patreon

Ըստ PitchBook-ի՝ 2014 թ․ հունիսին Սեմ Ալթմանը նշված է եղել որպես Patreon-ի A փուլի ներդրող:

Patreon-ը հարթակ է, որը բովանդակություն ստեղծողներին հնարավորություն է տալիս գումար վաստակել իրենց երկրպագուների բաժանորդագրությունների միջոցով: Բաժանորդագրվելու դեպքում հեղինակի երկրպագուներին հասանելի է դառնում բացառիկ բովանդակություն: Patreon-ը հիմնադրել են Սեմ Յամը և Ջեք Կոնտը։ Վերջինս հարթակի ներկայիս գործադիր տնօրենն է:

Սեմ Ալթմանը ներդրող է եղել մի շարք այլ ընկերություններում, ինչպիսիք են մթերային ապրանքների առաքման և հավաքման ծառայություն մատուցող Instacart-ը, էներգետիկայի ոլորտում գործող Helion Energy-ն, աշխատակիցների կառավարման պլատֆորմ Asana-ն, ստորագրահավաքների հարթակ Change.org-ը, ամպային ծառայություններ մատուցող Rescale-ը, ծրագրավորման լեզուների ուսուցման առցանց հարթակը Codeacademy-ն, արհեստական բանականությամբ աշխատող Rewind որոնողական համակարգը և մի շարք այլ ընկերություններ, որոնց ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ։

news.am