Հոտառության ու համի զգացողության կորուստը սովորաբար տեղի է ունենում միաժամանակ ու պայմանավորված է լինում կորոնավիրուսային վարակով, սակայն սա միակ պատճառը չէ։ Այս մասին իր «Ամենակարևորի մասին» հաղորդաշարի եթերում ասել է բժիշկ և հեռուստահաղորդավար Ալեքսանդր Մյասնիկովը։
«Համային զգացողությունների լիարժեք բացակայությունը հազվադեպ է լինում, հիմնականում նկատվում է համի զգացողության թուլացում և աղավաղում, երբ թթուն սխալմամբ դառն է ընկալվում»,- նշել է հաղորդավարը։
Նրա խոսքով՝ որոշ հիվանդություններ կարող են մարդուն զրկել հոտառությունից մեկ օրվա ընթացքում, իսկ երբեմն էլ այդ գործընթացը կարող է տեղի ունենալ աստիճանաբար։
Ինչպես նշել է Մյասնիկովը, հոտերի ու համերի սխալ ընկալման կարող են հանգեցնել երկաթդեֆիցիտային սակավարյունությունը, վիտամին B12-ի դեֆիցիտով պայմանավորված սակավարյունությունը, հիպոթիրեոզը, շաքարային դիաբետը, Ալցհեյմերի և Պարկինսոնի հիվանդությունները, գանգուղեղային նևրալգիան, հոգեկան խանգարումները, բերանի խոռոչի սնկային ախտահարումները, գլխուղեղի կաթվածը և այլն:
Բացի այդ, մասնագետը նախազգուշացրել է նաև, որ համային զգացողությունների խանգարումը կարող է պայմանավորված լինել նաև նատրիումի գլուտամատով հարուստ մթերքի չարաշահումով։