James Webb-ը 6 հսկա գալակտիկա է հայտնաբերել (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

James Webb-ը 6 հսկա գալակտիկա է հայտնաբերել

James Webb տիեզերական աստղադիտակի օգնությամբ աստղաֆիզիկոսները հայտնաբերել են անհավանական հսկա վեց գալակտիկաներ, որոնք ավելի շատ զանգված ունեն, քան կարող էր ենթադրվել։ Եթե դրանց իսկությունը վերջնականապես հաստատվի, ապա դա կարող է էապես փոխել տիեզերքի մասին մարդկության պատկերացումները, տեղեկացնում է Newatlas.com-ը։

Գալակտիկաներից յուրաքանչյուրը կարող էր հայտնվել տիեզերքի ստեղծման` Մեծ պայթյունից մոտ 500-800 միլիոն տարի անց, այսինքն` ավելի քան 13 միլիարդ տարի առաջ: Բացի դրանից, դրանք պարզապես հսկայական չափեր ունեն. դրանցից մի քանիսը պարունակում են գրեթե այնքան աստղ, որքան ժամանակակից Ծիր Կաթին գալակտիկան: Գիտնականների կարծիքով՝ նման գալակտիկաները պարզապես չպետք է հասցնեին գոյանալ։

Մինչ այժմ James Webb-ի հայտնաբերած գալակտիկաները (օրինակ՝ Մեծ պայթյունից 350 միլիոն տարի անց առաջացած գալակտիկաները) փոքր էին: Հետազոտողներին դեռ ավելի շատ տվյալներ են պետք, որպեսզի հաստատեն, որ այս գալակտիկաներն իսկապես այդքան մեծ են և հին: Այնուամենայնիվ, նախնական դիտարկումները ցույց են տալիս, որ James Webb-ի արած պատկերների պատճառով մարդկությունը կարող է ստիպված լինել վերաշարադրել աստղագիտության դասագրքերը:

Նոր հայտնաբերված գալակտիկաների վերաբերյալ կա նաև մեկ այլ տեսակետ․ գիտնականների կարծիքով դրանք կարող են լինել թույլ քվազարներ (չափազանց լուսավոր ակտիվ գալակտիկական միջուկ)։

Գիտնականները նշում են, որ Ծիր Կաթինը տարեկան ձևավորում է մոտ մեկ կամ երկու նոր աստղ: Եվ եթե հայտնաբերված գալակտիկաների տարիքն ու չափերը ճիշտ են գնահատվում, ապա դրանց մի մասը պետք է տարեկան հարյուրավոր նոր աստղեր ստեղծեր տիեզերքի պատմության ընթացքում։ Հաշվարկները ցույց են տալիս, որ այն ժամանակ պարզապես չէր կարող բավականաչափ նյութ լինել (նյութ, որից ձևավորվում են աստղերը, մոլորակներ), որպեսզի այդքան արագ ձևավորվեին այդքան շատ աստղեր:

«Նույնիսկ եթե այդ գալակտիկաներից մեկն իրական է, դա վերջ կդնի տիեզերագիտության վերաբերյալ մեր պատկերացումներին»,- ասել է ուսումնասիրության հեղինակներից Էրիկա Նելսոնը:

Ուսումնասիրության առաջատար հեղինակ Իվո Լաբբեն ասել է, որ այլընտրանքային տարբերակներից մեկն այն է, որ հայտնաբերված նոր օբյեկտների մի մասը պատկանում է առաջացող գերզանգվածային սև խոռոչների նոր դասին, որոնց նախկինում մարդկությունը չի հանդիպել։

Ուսումնասիրությունը հրապարակվել է Nature ամսագրում։

tribune.am