Հայ մեծանուն ռեժիսոր, ՀՀ ժողովրդական արտիստ Ալբերտ Մկրտչյանի ծննդյան օրվա առթիվ (փետրվարի 27-ին) հետաքրքիր պատմություն է ներկայացրել Աշոտ Համբարձումյանը.
«Ծնունդդ շնորհավոր, փառքդ շատ, Մուշեղիչ ջան․․․
«ՄՀԵՐ ՄԿՐՏՉՅԱՆ» արտիստական թատրոնի վերաբացման օրից սկսած բազմաթիվ ներկայացումներ բեմադրեցինք միասին, ձևավորեցի նաև Մարտին Հուրիխանյանի «Մի թողեք ճայերը ծիծաղեն» գիրքն Ալբերտ Մկրտչյանի մասին։ Գիրք մեծ ռեժիսորի ու մեծ երեխայի մասին…
․․ապերրր․․․
Մինչեւ գիրքը ինձ հասներ ձեւավորման, արդեն գիտեի ինչ պիտի անեմ, չնայած խոստովանեմ, որ մեջս նաեւ վախ կար, որովհետեւ ֆիլմ-գիրք էր` առանց ժանրի սահմանների։
Ասեմ, որ Ալբերտ Մուշեղիչն ինձ համար միակ հայ ռեժիսորն է, ում ֆիլմերի գլխավոր դերակատարը հայ կինն է՝ ճշմարտացի, բարձր ու անկրկնելի, առանց քաղցր-մեղցր սիրունիկացնելու եւ, ամենակարեւորը, առանց պարֆյումի։
Գրքի շապիկի համար եղած լուսանկարներից ոչ մեկը չհավանեցինք։ Մուշեղիչը ոնց որ մեծ երեխա լիներ՝ ահավոր չէր սիրում նկարվել, «պազիռովկա էնել»․․․ Բայց որոշեցի, որ շապիկի լուսանկարը ես պիտի անեմ։
Առավոտյան թատրոն առաջինը միշտ ինքն էր գալիս կամ ես։ Մինչեւ թատրոնն իր առօրյայի մեջ կմտներ, հասցնում էինք ամենատարբեր թեմաներով զրուցել։
Այդ օրը նման օրերից մեկն էր։ Չէի ասել, որ պիտի նկարեմ, քայլում էինք թատրոնի մայթով հետ ու առաջ։ Թեման ես բացեցի։
Մհերից։
Խոսեցինք ամեն ինչից՝ մանկությունից, դերերից, հետաքրքիր դեպքերից, դիպվածներից։ Մուշեղիչս լա՜վ բացվել էր։ Եկանք, հասանք թատրոնի վերաբացմանը։ Էստեղ ես ասացի, որ «Ֆրունզը էս բոլորը տեսներ, ի՞նչ կաներ»։
Մուշեղիչը, զգացի, կարգին հուզվեց։
Մհեր Մկրտչյանի հետ աշխատել եմ հեռուստաթատրոնում, երբ ինքը գեղարվեստական ղեկավարն էր, եւ գիտեի, որ Ալբերտ Մուշեղիչին դեռ մանկուց «ապեր» էր ասում։ Մոտ մի ժամի չափ քայլում էինք, ֆոտոխցիկը թաքցրել էի, որ չտեսնի։ Հասել էինք դռներին, երբ ասացի․ «Մուշեղիչ ջան, դու մտի թատրոն, ես մեքենայից բան վերցնեմ, գամ»։
Թատրոնի դուռը շատ ծանր էր ու դժվար էր բացվում։ Մինչև Մուշեղիչը կմոտենար դռանը, կհրեր, որ բացեր, ես հասցրեցի հանել ապարատը, հասնել փողոցի մեջտեղը, ու հենց Մուշեղիչը ուզեց հրել դուռը, բղավեցի․ «Ապերրր․․․»
Չեմ կարող նկարագրել՝ ինչ տեղի ունեցավ։
Մուշեղիչը շրջվեց դեպի ինձ, ու ես հասցրեցի մի երկու կադր անել։ Հայացքում հուզմունքը կարոտի էր փոխվել, կարոտը՝ զարմանքի։
Աչքերն արցունքոտ էին։
Իմ «ապերրր․․․» բառը դեռ արձագանքվում էր դատարկ փողոցում։
Երբ մոտեցա, ժպտաց․ «Ծո, էս ի՞նչ էրիր, ոչ մեգն ընձի էս օրը չէր գցել։ Դու ուրդեղի՞ց գիտեիր, օր Ֆրունզն ընձի ապեր կըսեր»։
Երկար ժամանակ երկուսս էլ լուռ էինք։ Նայեցինք նկարածս կադրերը․․․ Ստացվել էր եւ այդ լուսանկարներից մեկն էլ Մուշեղիչի ընտրությամբ դարձավ գրքի կազմը․․․»:
Նշենք, որ այսօր էլ կինոռեժիսորի հիշատակի օրն է. նա մահացել է 2018 թվականի փետրվարի 28-ին: