«Գծանշում չլինելու պատճառով հետո ինձ չտուգանեք»,- հաճախ են վարորդներն այս արտահայտությունն ուղղում ճանապարհային ոստիկանությանն ու Երևանի քաղաքապետարանին:
«Մյասնիկյան պողոտայով իջնելիս, հատկապես երեկոյան, իջնում ես ու չգիտես՝ բետոնների մեջտեղի՞ գոտում է, թե՞ ձախակողմյան: Գծանշում լիներ՝ մարդիկ իրենց աչքաչափը կպահեին, վտանգավոր իրավիճակներ չէին լինի: Ներկին նայում ես, հուզվում ես. լրիվ մաշված, կեղեքված է»,- նշեցին վարորդները:
Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչությունից խնդրի առնչությամբ մեզ հետ զրույցում պատասխանեցին, որ գծանշումների թարմացումն ինքնանպատակ չէ, կա սահմանված եղանակային գրաֆիկ, հատուկ ջերմաստիճանի առկայություն:
«Հիմնական գծանշումներն արվել են 2022թ. աշնանը: Հիմա, երբ եղանակը տաքանա, նորից կսկսեն թարմացումները: Հավանաբար աշխատանքները կմեկնարկեն մարտ ամսվա կեսից: Ունենք հաղթող կազմակերպություն, սակայն պայմանագրերը դեռևս կնքված չեն: Անկախ դրանից՝ եղանակային պայմանները պետք է կայունանան, որպեսզի աշխատանքները հնարավոր լինի իրականացնել:
Հավելենք, որ Երևանը պատրաստվում է 2024 թվականից անցնել ճանապարհների ընթացիկ սպասարկման: Այսինքն, յուրաքանչյուր վարչական շրջան պայմանականորեն 3 կամ 5 տարով ունենալու է ճանապարհները սպասարկող ճանապարհաշինական ընկերություն, որը տարին 12 ամիս զբաղվելու է փոսային նորոգումներով, ճանապարհների ճաքալցումներով և գծանշումներով, ճանապարհային նշանների և անվահրիչների պահպանմամբ և սպասարկմամբ: Աշխատանքների համակարգումն իրականացնելու է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչությունը:
Երևանի քաղաքապետարանի Շինարարության և բարեկարգման վարչության պետի պաշտոնակատար Խորեն Գրիգորյանն ավելի վաղ մեզ հետ զրույցում հայտնել էր, որ աշխատանքների փաթեթն ըստ 12 վարչական շրջանի՝ ներկայացվելու է մրցույթի՝ ՀՀ գնումների մասին օրենքի համաձայն: Մասնակցող մասնավոր Ճանշին ընկերություններն են, որոնք ԽՍՀՄ փլուզումից հետո ՀՀ միջպետական և հանրապետական ճանապարհների սպասարկումն են իրականացնում:
«Ամեն տարի հստակ կունենանք կազմակերպություններ, որոնք իրենց աշխատանքը հստակ կպատկերացնեն առաջիկա 3 կամ 5 տարվա համար: Սրանով կխուսափենք ծավալով արվող աշխատանքներից, ճանապարհների պահպանման պատասխանատու կունենանք, ով կկարողանա ապահովել ճանապարհի անխափան երթը՝ ամբողջ տարվա համար»,- նշել էր նա:
Անի Կարապետյան