Տիեզերագնացներին Մարս թռիչքի համար մեկ ամիս կպատրաստեն Հայաստանում․ ինչո՞ւ է ընտրվել հենց Հայաստանը (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Տիեզերագնացներին Մարս թռիչքի համար մեկ ամիս կպատրաստեն Հայաստանում․ ինչո՞ւ է ընտրվել հենց Հայաստանը

Մարս առաջին մարդկանց ուղարկելուց առաջ գիտնականները պետք է անցկացնեն սարքավորումների և տեխնիկական համակարգերի համապարփակ փորձարկումներ, և, իհարկե, պատրաստեն նաև տիեզերագնացներին: Նախապատրաստական այդ ​​աշխատանքների մի մասը նախատեսվում է իրականացնել Հայաստանում։

Ավստրիական տիեզերական ֆորումը (Österreichisches Weltraum Forum, OeWF) այն կազմակերպություն է, որն իրականացնում է, այսպես կոչված, անալոգային հետազոտություններ և սիմուլյացիաներ, որոնց շրջանակում Երկրի վրա մարդիկ կարող են պատրաստվել այլ մոլորակներ կատարելիք թռիչքներին: 2024 թ․ մարտին կազմակերպությունը նախատեսում է Հայաստանում իրականացնել AMADEE-24 անունն ստացած սիմուլյացիան։

Ինչպես տեղեկացնում է Futurezone-ը, սիմուլյացիայի շրջանակում անձնակազմը, որը ներառում է երկու կին և չորս տղամարդ, մեկ ամսվա ընթացքում կանի նույն բանը, ինչը կարվի Կարմիր մոլորակ իրական այցի ժամանակ: Մասնագետները նաև կփորձարկեն սարքավորումներում օգտագործվող նյութերը, վերլուծություններ կանեն և թերություններ կփնտրեն համակարգերում: Այս սիմուլյացիաների ընթացքում հայտնաբերված և շտկված յուրաքանչյուր սխալ կարող է փրկել տիեզերագնացների կյանքը տիեզերական իրական առաքելությունների ժամանակ:

«Մեկ ամսով Հայաստանը կդառնա Մարսի հետազոտական կենտրոն,- ասել է OeWF-ի տնօրեն Գերնոտ Գրյոմերը,- Որքանով ես եմ տեղյակ, սա կլինի Մարսի տարվա ամենամեծ և ամենաբարդ մոդելավորումը»:

Մարսի հետ Հայաստանի լանդշաֆտների երկրաբանական և տեղագրական նմանությունների շնորհիվ այս առաքելության վայր է ընտրվել հենց Հայաստանը: Տիեզերագնացները կմարզվեն ժայռոտ բարձրադիր սարահարթում, որը շատ առումներով նման է Մարսի վրա գտնվող սարահարթերին, որտեղ տիեզերագնացներ կլինեն մարսյան առաքելության ժամանակ: Ինչպես նշել է Գրյոմերը, Հայաստանը, նրա կարծիքով, Կարմիր մոլորակի երկրաբանական երկվորյակն է։

Սա կլինի OeWF-ի կողմից իրականացվող 14-րդ մոդելավորումը, և Գրեմերն ակնկալում է, որ ավելի քան 250 միջազգային հետազոտողներ գիտական ​​աջակցություն կցուցաբերեն առաքելությանը:

Բացի դրանից, առաջին անգամ նման առաքելությունը կգլխավորի կին՝ Անիկա Մեհլիսը Գերմանիայից։ Համահրամանատարի դերը կստանձնի ավստրիացի ֆիզիկոս Ռոբերտ Ուայլդը։ Կլինեն նաև պահեստային երկու տիեզերագնացներ, եթե հիմնական անձնակազմից որևէ մեկի հետ խնդիրներ առաջանան։

Հայաստանի ազգային ինովացիոն կենտրոնի տնօրեն Հայկ Մարգարյանն իր հերթին հիշեցրել է, որ ընդամենը մոտ 2,8 մլն բնակչությամբ փոքր Հայաստանը տիեզերական վաղեմի ավանդույթներ ունի. հենց Հայաստանում է զարգացել Խորհրդային Միության տիեզերական տեխնոլոգիաների գրեթե մեկ երրորդը։ Իսկ այսօր Հայաստանում դեպի տիեզերք ճանապարհորդությունները երկրորդ գարունն են ապրում. մեկ տարի առաջ Հայաստանն իր առաջին արբանյակն ուղարկեց տիեզերք:

Մարգարյանը համոզված է, որ Հայաստանում Մարսի սիմուլյացիայի անցկացումը մեծ օգուտ կբերի երկրի արդյունաբերական և կրթական ոլորտներին։

news.am