NASA-ն 2027 թ․ կգործարկի Nancy Grace Roman աստղադիտակը
Advertisement 1000 x 90

NASA-ն 2027 թ․ կգործարկի Nancy Grace Roman աստղադիտակը

NASA-ի ինժեներներն աշխատում են տիեզերական նոր աստղադիտակի կառուցման վրա, որն ինչ-որ իմաստով նույնիսկ ավելի շատ հնարավորություններ կունենա, քան James Webb և Hubble աստղադիտակները: Նոր աստղադիտակը կկոչվի Nancy Grace Roman՝ ի պատիվ NASA-ի առաջին կին ղեկավարներից մեկի, որը մեծ դեր է խաղացել Hubble-ի նախագծման գործում: Նոր աստղադիտակի արձակումը նախատեսված է 2027 թ․։

Նկարահանման մասշտաբով Roman-ի և Hubble-ի հնարավորությունները զգալիորեն կտարբերվեն. ինչպես մասնագետներն են բացատրում, Hubble-ը կամ James Webb-ը, իհարկե, ունեն ծայրահեղ զգայունություն, ինչի շնորհիվ դրանց միջոցով հնարավոր է մեզանից իսկապես հեռու գտնվող օբյեկտները դիտել խոշոր պլանով։ Nancy Grace Roman-ը, մյուս կողմից, կունենա ավելի մեծ տեսադաշտ և հնարավորություն կտա միաժամանակ դիտել երկնակամարի լայնածավալ համայնապատկերը։

Բացի դրանից, այն կարող է լուսանկարել 1000 անգամ ավելի արագ, քան Hubble-ը։ Նախնական տվյալներով՝ Nancy Grace Roman-ը տարեկան մոտ 100 000 լուսանկար կարող է անել։ Hubble կամ James Webb աստղադիտակներից շատ ավելի երկար ժամանակ կպահանջվեր երկնքի նույն հատվածը լուսանկարելու համար:

Նոր աստղադիտակի օգնությամբ մասնագետները կկարողանան հաշվել մեկ գալակտիկայում առկա էկզոմոլորակների քանակը, դիտել գալակտիկաների բաշխվածությունը մութ նյութն ուսումնասիրելու համար և տիեզերքն ուսումնասիրելու նպատակով կատարել բազմաթիվ այլ աշխատանքներ։

tribune.am