Հայ Ամերիկյան Առողջության Կենտրոնի սեքսապաթոլոգ, դոցենտ Սևադա Հակոբյանն անդրադարձել է խնդիրներին, որոնք առաջանում են սեռական հարաբերության ժամանակ։ Բժիշկը գրում է․ «Սեռական աններդաշնակություն ունեցող զույգերի մոտ հաճախ հանդիպող պաթոլոգիկ գործոն է հանդիսանում ցավը սեռական հարաբերության ժամանակ: Կանանց մոտ երբեմն այն այնքան արտահայտված է լինում, որ անհնարին է դարձնում սեռական կյանքը՝ պատճառ հանդիսանալով հեշտոցամուտքի մկանների կծկման (վագինիզմի), սեռական կյանքի նկատմամբ վախի (կոիտոֆոբիա):
Ցավը սեռական հարաբերության ժամանակ (դիսպարեունիա) երբեմն հանգեցնում է նաև սեռական ցանկության նվազման՝ ինչը կարող է խորացնել սեքսոլոգիական խնդիրները: Այդպիսի կանայք հաճախ ունենում են բնավորության կասկածամիտ, տագնապային և աֆեկտիվ գծեր, ամաչկոտ են, ունեն սեռական անլիարժեքության համոզմունք:
Որոշ սեքսոլոգներ վագինիզմը, որի հիմքում ընկած է վախը և ցավը սեռական հարաբերության փորձի ժամանակ, անվանում են սեքսուալ ֆոբիկ նևրոզ: Դա ասելով ի նկատի են ունենում անհաղթահարելի վախը սեռական ակտից և կուսազրկումից (դեֆլորացիոֆոբիա), որը սրանում է անմիջապես ակտի փորձի ժամանակ, դարձնելով անհնարին բուն ակտը և դեֆլորացիան:
Ի հայտ են գալիս էմոցիոնալ խանգարումներ, տագնապ, անհանգստություն և որպես կանոն հրաժարվում են սեռական կյանքից ընդհանրապես:
Ցավը սեռական հարաբերության ժամանակ նաև կարող է հանգեցնել անօրգազմիայի և սեռական ցանկության նվազման»: