Վերջին երկու տասնամյակների ընթացքում կոկորդի քաղցկեղի դեպքերի աճի պատճառը կարող է պայմանավորված լինել օրալ սեքսով, որը նպաստում է մարդու պապիլոմավիրուսի (HPV) փոխանցմանը: Նման եզրակացության են եկել Բիրմինհեմի համալսարանին կից քաղցկեղի եւ գենոմային գիտությունների ինստիտուտի աշխատակիցները։
Ինչպես նշվում է The Conversation պարբերականում հրապարակված հոդվածում, այսօրվա դրությամբ ԱՄՆ-ում եւ Մեծ Բրիտանիայում կոկորդի քաղցկեղն ավելի տարածված է, քան արգանդի վզիկի քաղցկեղը: Հետազոտողները կարծում են, որ օրալ սեքսը՝ սեռական շփման տարածված տեսակը, 8,5 անգամ բարձրացնում է կոկորդի քաղցկեղի զարգացման հավանականությունը:
Հատկանշական է, որ մարդու պապիլոմավիրուսից կարելի է ամբողջությամբ ազատվել, սակայն որոշ մարդկանց իմունային համակարգի առանձնահատկությունները հանգեցնում են օնկոլոգիական հիվանդության զարգացման:
Կոկորդի քաղցկեղի տարածման ռիսկի դեմ պայքարելու համար գիտնականները հիշեցնում են HPV-ի դեմ պատվաստվելու անհրաժեշտության մասին: Շատ երկրներում այս պատվաստանյութը տրվում է կանանց՝ արգանդի վզիկի քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը նվազեցնելու համար, սակայն հետազոտությունները հաստատում են պատվաստանյութի արդյունավետությունը՝ կանխելու նաեւ կոկորդի քաղցկեղը: