Ամբողջ աշխարհում հիվանդացության առումով տղամարդկանց մոտ թոքի քաղցկեղն է առաջին տեղում, իսկ կանանց մոտ՝ կրծքագեղձի: Նույնպիսի ստատիստիկա է նաև Հայաստանի Հանրապետությունում»,- «Հայաստանում ուռուցքաբանության ոլորտի հիմնախնդիրների լուսաբանման արդիականությունը» սեմինար-քննարկման ժամանակ հայտնեց ՀՀ ԱՆ խորհրդատու, ուռուցքաբանության գծով Էրեբունի ԲԿ փոխտնօրեն Հայկուհի Գյոկչյանը:
Նրա փոխանցմամբ՝ ամբողջ աշխարհում թոքի, շագանակագեղձի քաղցկեղից տղամարդկանց մոտ է մահացությունը բարձր, կանանց մոտ՝ կրծքագեղձի: Սա ըստ 2021 թվականի վերլուծության՝ 100.000 բնակչի հաշվով:
«Մեզ մոտ նույնպես շատ են մահանում թոքի քաղցկեղից: Նախ հիվանդությունն ուշ է հայտնաբերվում, 50 տոկոս դեպքերում հայտնաբերվում է բարձիթողի վիճակում, որովետև չեն դիմում բժշկի, չեն գնում ստուգումների: Իսկ կրծքագեղձի առումով, եթե մի քանի տարի առաջ քաղցկեղ հայտնաբերում էինք 45 տոկոսի դեպքում՝ 4-րդ փուլում, ապա վերջին տարիներին 20-25 տոկոսի դեպքում ենք 4-րդ փուլում հայտնաբերում: Եվ սա, շնորհիվ նրա, որ կանայք սկսել են իրենց ավելի շատ հարգել, գնալ սոնոգրաֆիայի, մամոգրաֆիայի»,- ասաց Հայկուհի Գյոկչյանը՝ հավելելով, որ վերջին տարիներին ուռուցքաբանության ոլորտում կատարվող ծրագրերից է արգանդի վզիկի քաղցկեղի կանխարգելման ծրագիրը՝ 2015 թ.-ից անվճար ՊԱՊ թեստի իրականացմամբ: Չարորակ նորագոյացությունների անվճար վիրահատություններ իրականացվում են ՀՀ-ում 2019թ.-ից:
«Մինչև 2019 թվականը քաղցկեղով հիվանդը, որին պետք էր ստամոքսի վիրահատություն, արժեր 700.000-ից 1 միլիոն դրամ: Հիվանդների կեսը չէր դիմում, տանը մահանում էր: 2019 թվականից, եթե կա քաղցկեղ ախտորոշումը, ցանկացած կենտրոնում հիվանդն անվճար վիրահատվում է: Տարեկան այդ թիվը մոտավորապես կազմում է 7000-10.000: ՈՒԱԿ-ում անվճար կատարվում է նաև չարորակ նորագոյացություններով հիվանդների ճառագայթային թերապիա»,- մանրամասնեց ուռուցքաբանը:
Հայկուհի Գյոկչյանն անդրադարձավ նաև կոլոռեկտալ քաղցկեղի սքրինինգի ժամանակ կիրառվող հետազոտություններին՝ հայտնելով, որ կատարվում է կղանքի հետազոտություն` թաքնված արյան նկատմամբ, կղանքի իմունաքիմիական թեստ (ԿԻԹ) ,Կոլոնոսկոպիա, Կղանքի մեջ քաղցկեղային բջիջների ԴՆԹ հայտնաբերման թեստեր:
«Ամերիկյան գաստրոէնտերոլոգիական ասոցիացիան, Գաստրոէնտերոլոգիայի ամերիկյան քոլեջը, Ստամոքսաղիքային էնդոսկոպիայի ամերիկյան միությունը, Քաղցկեղի ամերիկյան միությունը և Ռադիոլոգիայի ամերիկյան քոլեջը մշակել են կոլոռեկտալ քաղցկեղի սքրինինգի համաձայնեցված ուղեցույցներ, որոնց նպատակը քաղցկեղի կանխարգելումն է: 50 տարեկանն անց միջին ռիսկ ունեցող տղամարդիկ և կանայք պետք է հետևեն հետազոտությունների հետևյալ ժամանակացույցերից որևէ մեկին, որոնք հայտնաբերում են՝ ինչպես պոլիպները, այնպես էլ` քաղցկեղը: Կոլոռեկտալ՝ նշանակում է հաստ և ուղիղ աղիների սքրինինգ: Ի դեպ, ապացուցված է, որ կարմիր միսը բերում է հաստ աղիի քաղցկեղի առաջացմանը՝ արդեն մեծ տարիքում (55 տարեկանից բարձր): Դրա համար ընդհանրապես խորհուրդ է տրվում կարմիր միս շաբաթական ուտել 500 գրամից ոչ ավելի»,- մանրամասնեց Հայկուհի Գյոկչյանը:
Անդրադառնալով թոքի քաղցկեղին՝ ուռուցքաբանության գծով ՀՀ ԱՆ խորհրդատուն նշեց, որ թոքերի քաղցկեղի սքրինինգի ծրագիր դեռ չկա, բայց կարևոր է հասնել նրան, որ այն ևս կատարվի:
«Քանի որ դեպքերի կեսը հայտնաբերում ենք 4-րդ փուլում, կորոնավիրուսը մեզ որոշ չափով օգնեց, որովհետև, երբ մարդիկ գնում էին թոքաբորբը հայտնաբերելու, թոքի քաղցկեղ էինք հայտնաբերում՝ առաջին կամ երկրորդ փուլում, և հիվանդը լիարժեք բուժվում էր»,- հայտնեց Հայկուհի Գյոկչյանը՝ ընդգծելով, որ սքրինինգ հետազոտությունը կանխարգելիչ գործողություն է՝ ուղղված բացահայտելու հիվանդությունները՝ նախքան դրանց ախտանիշների ի հայտ գալը, այսինքն՝ վաղ փուլերում:
Նրա խոսքով՝ թոքերի քաղցկեղը ճակատագրական է ավելի քան 90% դեպքերում: Ընդ որում, թոքերի I փուլի քաղցկեղի բուժումից հետո 5 տարվա ապրելիությունը կազմում է 70%, իսկ IV փուլի՝ 5%-ից պակաս: Հետևաբար, վաղ փուլերում հիվանդության ախտորոշումը բարելավում է բուժման արդյունքները և նվազեցնում է մահերի թիվը: Մարդիկ, ովքեր 30 տարի ծխել են օրական առնվազն մեկ տուփ սիգարետ, պետք է թոքերի քաղցկեղի սքրինինգ անցնեն. սա Ամերիկյան օնկոլոգիական ընկերության ցուցումն է:
Անի Կարապետյան