Աստղագետները հայտնաբերել են մինչ օրս հայտնի ամենամեծ սեւ անցքը։ Նրա զանգվածը 32,7 միլիարդ անգամ գերազանցում է Արեւի զանգվածը եւ այն գտնվում է Abell 1201 կլաստերի գալակտիկաներից մեկի կենտրոնում, որը գտնվում է Երկրից 2,7 միլիարդ լուսային տարի հեռավորության վրա։
Space.com-ը նշում է, որ այս տիեզերական հրեշը գիտնականներն անվանում են գերզանգվածային սեւ անցք, քանի որ այն շատ ավելի մեծ է, քան «սովորական» գերզանգվածային սեւ անցքերը, որոնց զանգվածը կազմում է Արեւի զանգվածի մի քանի միլիոնից մինչեւ մի քանի միլիարդ:
«Այս սեւ անցքը, որը մոտավորապես 30 միլիարդ անգամ մեծ է մեր Արեւի զանգվածից, երբեւէ հայտնաբերված ամենամեծերից մեկն է եւ գտնվում է տեսականորեն սեւ անցքերի մեծության վերին սահմանի վրա, ուստի սա չափազանց հրապուրիչ հայտնագործություն է»,- ասել է Մեծ Բրիտանիայի Դարեմի համալսարանի ֆիզիկոս Ջեյմս Նայթինգեյլը՝ Monthly Notices of the Royal Astronomical Society ամսագրում հրապարակված հետազոտության հեղինակներից մեկը:
Գիտնականների խումբը որոշել է այս սեւ անցքի չափերը՝ վերլուծելով Hubble տիեզերական աստղադիտակի կողմից արված մի շարք պատկերներ: Օգտագործելով բարդ համակարգչային մոդելավորումը՝ գիտնականները կարողացել են հաշվարկել, թե որքան լույս է բեկվում այն գալակտիկայի շուրջ, որտեղ գտնվում է սեւ անցքը:
Նրանք ստուգել են հազարավոր սեւ անցքերի չափեր՝ նախքան դիտարկումներին համապատասխանող թվերին հանգելը: Այսպիսով, գիտնականները հայտնաբերված երեւույթը վերագրել են գերզանգվածային սեւ անցքերին, որոնց զանգվածը գերազանցում է 10 միլիարդ Արեւներին եւ մոտենում է 50 միլիարդ Արեւիներին հավասար սեւ անցքի զանգվածի տեսական վերին սահմանին:
Այս զանգվածը նաեւ Abell 1021 BCG սեւ անցքը դասում է մինչ օրս հայտնաբերված ամենազանգվածային սեւ անքերի տասնյակին: Ըստ գիտնականների՝ նրա իրադարձությունների հորիզոնի տրամագիծը կկազմի ավելի քան 1290 աստղագիտական միավոր։ Համեմատության համար՝ Պլուտոնի հեռավորությունը Արեւից կազմում է ընդամենը 40 աստղագիտական միավոր:
Չնայած իր հսկայական չափերին, այս սեւ անցքը այնքան էլ ակտիվ չէ, այսինքն, այն չի կլանում մեծ քանակությամբ նյութ եւ, հետեւաբար, չի արտադրում ուժեղ ռենտգենյան ճառագայթներ: Նման սեւ անցքերը, ըստ գիտնականների, գրեթե անհնար է ուսումնասիրել այլ մեթոդներով։